«Հրապարակի» զրուցակիցը գրականագետ Սերժ Սրապիոնյանն է:

- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները զավեշտի ու ողբերգության խառնուրդ են: Ազգային ժողովից նա երեկ մի շարք հայտարարություններով հանդես եկավ, որոնք կրկին մեծ աղմուկ բարձրացրին: Օրինակ, Փաշինյանն ասում է, որ Արցախը մեր վզին որպես «պավադոկ» են օգտագործել: Նորից խոսել է Հայաստանի պատմության մասին, նշել, որ եթե հայոց պատմության հետքերով գնանք, կցեղասպանվենք:

- Պատմական եւ ժամանակակից պատմություն ասվածը մի լավ ռուսերեն բառով` «իդիոտիզմով» կբնութագրեմ, որովհետեւ չի կարող լինել մի երկիր, որը չունի պատմություն: Առանց այդ պատմության ո՛չ երկիրը կարող է երկիր լինել, ո՛չ էլ ժողովուրդը՝ ժողովուրդ: Պատմություն չունեցող երկրում չի կարող պետություն կազմավորվել: Ես չգիտեմ, թե որ մանիպուլյատիվ եվրոպական գիտնականներից է այս տղան սովորել այդ ամենը, սակայն մի բան կարող եմ ասել` Արցախը «պավադոկ» է իր նման արցախատյացների վզին: Արցախը մեր վզին երբեք «պավադոկ» չի եղել, ինչպես նա է ասում, Արցախը միայն «պավադոկ» է եղել Ադրբեջանի վզին: Ի դեպ, մի օր այդ «պավադոկը» խեղդելու է Ադրբեջանին: Կարծում է, թե Ալիեւի հետ պայմանավորված՝ Արցախը հայաթափելով Արցախի հարցը լուծե՞լ է՝ ոչ, չկա նման բան: Արցախի հարցը լուծված չէ, թող Հայոց վեհափառի խոսքը լսի ու հասկանա, որ չի փակվել Արցախի հարցը: Թող լսի Խոսրով Հարությունյանին, ով հրաշալի գիտի մեր երկիրը: Արցախի հարցը երբեք չի լուծվելու նման հակահայ ձեւով, Արցախը խոց է Ադրբեջանի մարմնի վրա ու սատկացնելու է թուրքերին: Ես չգիտեմ, թե ինչ է մոգոնում այս Նիկոլ կոչվածը՝ պատմական ու ժամանակակից Հայաստան ասելով, բայց մի բան կասեմ իրեն՝ եթե ժամանակակից ասելով իր ՔՊ-ական Հայաստանն է պատկերացնում, ապա խորապես սխալվում է: ՔՊ-ի Հայաստանը ժամանակակից Հայաստան չէ, ամոթի ժամանակավոր Հայաստանն է:

- Ասում է` եթե պատմության հետքերով գնանք, կցեղասպանվենք:

- Բայց ինքը ե՞րբ ու որտե՞ղ է Հայոց պատմություն կարդացել՝ այդ անկիրթը: Մեկը չկա՝ դրան հարց տա․ դու վերջին անգամ ե՞րբ ես պատմության գիրք բացել: Նա տեղյա՞կ է՝ ով է Մովսես Խորենացին, ով է Եղիշեն, եւ ինչ է ասում Եզնիկ Կողբացին, ինչի մասին է գրում Ագաթանգեղոսը, եւ, վերջապես՝ Բուզանդն ինչի մասին է խոսում…. Նիկոլը պետք է պատմությունն այդտեղ որոնի, ոչ թե դատարկ ուղեղի մեջ: Հայոց պատմությունը 6 հազար տարի շարունակ մեզ չի ցեղասպանել, հենց հայտնվեցին Նիկոլի եղբայր թուրքերը, ցեղասպանվելու վտա՞նգ առաջացավ: Մարդն ինչ տեսակ դիվական մտածողություն պիտի ունենա, որ իրեն նման արտահայտություններ թույլ տա՝ այն պարագայում, երբ Քաջ Նազարի տրամաբանությամբ հայտնվել է հայոց գահին: Ամեն ինչ ժամանակավոր է, մի օր դրա իշխանության վերջն էլ է գալու: Իր ասածների համար նա պիտի պատասխան տա, հո միայն դատարկ հայտարարություններով չէ՞: Երբ երկրի առաջին դեմքը հայտարարություններ է անում, դա արդեն իսկ քաղաքականության մասին է փաստում: Պիտի կարողանա ապացուցել, որ հայոց պատմությունն իսկապես ցեղասպանվողի պատմություն է: Դե որ էդպես է, թող հրեաները գնան, գլուխներն ավազի մեջ մտցնեն….

- Նա, լինելով տավուշցի, օրնիբուն Տավուշից գյուղեր հանձնելու մասին է խոսում: Ասում է, որ այդ գյուղերն ադրբեջանական են:

- Ինձ միշտ զարմացրել է այն, որ նա Տավուշից է, բայց, մի կողմից էլ՝ դա ի՞նչ կապ ունի․ չկա գյուղ, որ շուն չլինի, նա անհայրենիք մարդ է, նրանից ի՞նչ տավուշցի։ Տավուշցի կլինի, արարատցի կլինի՝ կապ չունի, այդ մարդն անհայրենիք է, տրված է վաճառքի մեխանիզմին: Նա առավոտից երեկո վաճառքի մասին է մտածում: Ինչպե՞ս կարող է մարդն առանց ոչ մի բանի միայն հողեր նվիրելու մասին մտածել: Բա տավուշցիներն ափսոս չե՞ն, որ սա տավուշցի լինի: Այն մտքերը, որ նա հաճախ կրկնում է չորս գյուղերի մասին, ինձ հիշեցնում է վարժեցրած թութակի: Այս մարդը ստից բացի այլ մեթոդ չգիտի, չի էլ ամաչում: Ես չեմ հասկանում, թե ինչ քարտեզներով է առաջնորդվում, Ալիեւն ինչեր է պահանջում ու պահանջում: Թութակի նման նույն բանը կրկնելու փոխարեն գուցե մի հոդաբաշխ բացատրություն տա այդ ամենի մասին:

- Ի դեպ, նաեւ հայտարարեց, որ խաղաղությունն էլ երաշխավորված չէ, որ կարող է հանձնենք Տավուշի գյուղերը, եւ կրկին պատերազմի վտանգ լինի:

- Իհարկե, նա շատ լավ գիտի, թե իրականում ինչ է կատարվում: Մենք իր նման՝ Ալիեւի հետ երես առ երես չենք հանդիպում, բնականաբար, նա մեզնից լավ գիտի, թե ինչ արհամարհանքով է Ալիեւն իր հետ խոսում: Ինքն էլ խեղճացած՝ միայն համաձայնում է, ներսում առյուծ է դառնում, դրսում` գառ: Անգամ եթե Երեւանն էլ տա, խաղաղություն չի լինելու: Ալիեւի ատամը տեղ է բռնել, ինչու՝ որովհետեւ նրա ատամնաբույժը մեր երկրում է` բազմած ամենաբարձր աթոռին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել