Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի:
Տիար Գաբուճյանը ներկայացնելով խորհրդի անդամներին, ընդգծեց, որ կազմակերպության` Հայաստանում գործունեության 20-ամյակի առիթով այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը։
Այնուհետև Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց բարեգործական կազմակերպության պատասխանատուներին Հայաստանում սոցիալական և կրթական ոլորտներում իրականացվող ծրագրերի համար։
Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի, հայաստանյան թեմերի և կազմակերպության միջև հաստատված սերտ գործակցությունը նպաստում է նաև կիրակնօրյա դպրոցների արդյունավետ գործունեությանը։
Իր հերթին Հայր Մայքլ Թոմսենը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց թեմերի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբության մշտական զորակցության և օրհնության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել