Armenpress.am-ը գրում է.

Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը համոզված է, որ Հայաստանը ժողովրդավարություն է անհավանական բարդ աշխարհաքաղաքական հարևանությամբ, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համարձակ որոշում է կայացրել՝ փորձելով դիվերսիֆիկացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը և շարժվել դեպի Արևմուտք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռասմուսենն ասել է իր կողմից ղեկավարած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցի հրապարակումից հետո։

«Աշխարհի ժողովրդավարական երկրները և հատկապես Եվրամիությունը պետք է գործեն՝ աջակցելու Հայաստանին այս առանցքում»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝  նա նշել է․

«Այս աջակցությունն էլ ավելի կարևոր է դարձել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումից և ադրբեջանական ուժերի կողմից բխող շարունակական սպառնալիքից հետո։

Ռուսաստանի անօրինական ներխուժումն Ուկրաինա ցույց տվեց, որ Եվրամիությունը պետք է շատ ավելին անի իր անմիջական հարևանությամբ գտնվող ժողովրդավարություններին պաշտպանելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:

Ռասմուսենը համոզմունք է հայտնել, որ Եվրոպան հնարավորություն ունի աջակցելու Հարավային Կովկասում կայուն ժողովրդավարությանը և կայուն խաղաղությանը։

«Այսօրվա զեկույցը ուրվագծում է այն շոշափելի քայլերը, որոնք կարող են և պետք է ձեռնարկվեն՝ ի վերջո հանգեցնելով Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը»,- եզրափակել է Ռասմուսենը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել