«Հրապարակի» զրուցակիցը Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանն է:

- Դուք Ոսկեպարում էիք: Ինչո՞ւ էիք այցելել, ի՞նչ նպատակով, ի՞նչ էին ասում ոսկեպարցիները:

- Նպատակների մասին իմ էջում գրել էի, 80 անգամ չեմ ասելու, արդեն վերադարձել եմ, իսկ ոսկեպարցիներն անհանգիստ էին, բայց նորմալ:

- Ինչի՞ց էին անհանգիստ:

- Պատերազմից:

- Բայց ՔՊ-ականները պնդում են, որ ոչ մի գյուղ չի հանձնվելու:

- Իսկ ո՞վ է հանձնելու որ: Ո՞վ է հանձնելը շրջանառել: Դա միայն գիտե՞ք ում է ձեռնտու, 5-րդ շարասյանը, ռսաքոծերին եւ ղարաբաղյան կլանին, ո՞վ է ուրիշ խոսում այդ մասին:

- Նիկոլ Փաշինյանն էր նշում, որ այդ գյուղերն ադրբեջանական են, նա ե՞ւս ռսաքոծ է, 5-րդ շարասյան անդամ:

- Նայեցեք, ես չգիտեմ, թե Դուք որքան գիտեք քաղաքագիտություն, բայց ես կասեմ, որ վարչապետները պարտավոր չեն ասել ճշմարտությունը, ինչպես անում է Պուտինը: Պուտինը ճիշտ չի խոսում, չէ՞, բա էլ ինչո՞ւ են նրան մեջբերում:

- Պուտինը վատ ղեկավար է, բայց Պուտինի դարդը եկեք ռուսներին թողնենք: Գուցե հայերը չե՞ն ցանկանում ստախոս ղեկավար ունենալ:

- Պուտինը լավն է, թե վատ, այո, դա իրենց գործն է, բայց որ քաղաքականությունն այլ է, դա եմ ասում, Պուտինի հերն էլ անիծած: Նա պրծավ... Հիմա տես՝ ինչ եմ ասում, Թալեյրանն ասում էր` դիվանագետին լեզուն տրված է, որ մտքերը թաքցնի, բայց հայերն ուզում են, որ ով ելնի, ճիշտը խոսի, իսկ ես չգիտեմ՝ որն է ճիշտը:

- Մի խոսքով, արդարացնում եք, ուզում եք ասել՝ Նիկոլ Փաշինյանին կարելի է սուտ խոսել:

- Ես ոչ մի բան էլ չեմ ուզում ասել: Քեզնից բաներ մի հնարի, ես ասացի այն, ինչ ասացի, մնացածն իրենից հարցրու: Զանգեք իր մամլո ծառայություն, այդ հարցերն ուղղեք իրենց:

- Դուք եք նշում, որ երկրի ղեկավարը պարտավոր չէ ճշմարտությունն ասել:

- Այո, ճիշտ եմ ասում, պարտավո՞ր է, իմ ասածը չի նշանակում, որ ճշմարտություն չպետք է ասի ընդհանրապես: Քաղաքականության մեսիջները տարբեր են: Նայած թե պետության ղեկավարն ինչ է անում եւ ինչի համար:

- Ոսկեպարցիները զարմացել էին Փաշինյանի սպառնալիքներից` որ եթե գյուղերը չհանձնենք, պատերազմ կսկսվի: Ձեզ չասացի՞ն այդ մասին:

-  Վարչապետը պատերազմով չի սպառնում, պատերազմով սպառնում է Ռուսաստանն իր գործիքով` Ադրբեջանով: Վարչապետը չի կարող պատերազմով սպառնալ, նա չի կարող տարածք հանձնել, նա մեր թշնամին չէ, ոչ էլ ես եմ Ձեր թշնամին, ոչ էլ Դուք՝ իմ: Պատերազմ սպառնում է Ռուսաստանը: Ալիեւի զորքերի թիկունքում հենց ռուսական ուժն է: Արցախի շրջափակման ժամանակ չտեսա՞ք:

- Եթե մի երկրի ղեկավար հայտարարում է, որ Տավուշի գյուղերը հայկական չեն, Արցախը հայկական չէ, ի՞նչ կարող է անել Ռուսաստանը:

- Վարչապետն ասում է՝ 29,8 տասնորդական տարածքն է, որն ընդունում է միջազգային հանրությունը: Ու ասում է, որ դա պահելու ենք, եթե չեք ուզում, մի ուզեք, դա իր տեսակետն է, հստակ հայտարարել է, սխեման էլ ցույց է տվել: Թող տարիներ առաջ բանակը չթալանեին, չկողոպտեին, իսկանդերներ գնեին: Պետություններն ուժով են քաղաքականություն իրականացնում, ինչ էլ խոսեն, տակը ուժն է:

- 2020-ից անցել է 4 տարի, այս ընթացքում քանի՞ Իսկանդեր է գնել իշխանությունը, ի՞նչ աշխատանքներ է տարել բանակում, ո՞ր դիրքերն է կահավորել: Որ միլիոնների պարգեւավճարներ են ստանում, մեծ ծախսեր անում, դա գիտենք, իսկ ի՞նչ են անում բանակի համար:

- Հետեւանքի մեջ կրկնվում են 1920 թվականի իրադարձությունները: Այս իշխանությունների հաշվապահը չեմ, որ իմանամ, ես խոսում եմ քաղաքականության մասին:

- Անցյալից եք խոսում, իսկ ներկայի՞ց:

- Նախորդ իշխանությունները տապալել են պատերազմը, պետության կայացումը: Հիմա մեր խնդիրը նրանք չեն, մեր խնդիրը պետությունը պահելն է: Մեր խնդիրն այս իշխանություններին գիշեր-ցերեկ քննադատելը չէ, մեր խնդիրն Ալիեւին ու Պուտինին քննադատելն է:

- Ուրիշ երկրների ղեկավարների հետ ի՞նչ գործ ունեք: Դուք ձեր երկրի ղեկավարի մասին մտածեք:

- Քաղաքագիտության դոկտոր եմ ես, ինձ մի սովորեցրեք՝ ինչ անեմ:

- Կարճ ասած` նորմալ եք համարում, որ տարածքներ զիջենք եւ այլն:

- Նորմալ չէ` բանակը հանեք, կանգնեցրեք, ունե՞ք էդ բանակը:

- Բանակի գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է: Ուղիղ 6 տարի է՝ բանակը իրենք են ղեկավարում: 6 տարում ժողովուրդները քաղաքներ են կառուցում, չե՞ք հարցնում իշխանությանն, թե ինչու մի բանակ զինել չկարողացան:

- Նիկոլ Փաշինյանը չէ ղեկավարը, դուք եք եւ հայ ժողովուրդը, նաեւ՝ ղեկավարությունը:

- Փաստորեն, ղեկավարությունը վերջին տեղում է պատասխանատուներից:

- Պատասխանատվությունը պետության վրա է:

- Այդ դեպքում ինչի՞ համար են իշխանությունները:

- Նրա համար են, որ....

- Որ երկիրը հանձնե՞ն:

- Էլ հետին թվով բաներ մի ասեք, հա՞: Վերջակետը դրեք այնտեղ, որտեղ ես եմ ասում: Զելենսկին սխալներ չունի՞, մի անգամ չտեսա, որ ուկրաինացիները նրան քննադատեն այսպես, կպնեն ջանից ու պոկ չգան:

- Զելենսկին վճռական է, կռվում է ուկրաինական հողի համար, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով ասում է, որ մեր հողերն ադրբեջանական են:

- Վճռական է իր ազգաբնակ-չությամբ ու Արեւմուտքի օժանդակությամբ:

- Նիկոլ Փաշինյանը չունի՞ Արեւմուտքից օժանդակություն:

- Այնքանով` որքանով: Չգիտե՞ք Հայաստանի պատմություն, չգիտե՞ք, որ Հայաստանը երբեք էլ իրական դաշնակիցներ չի ունեցել, ու այսօր էլ կա այն, ինչ կա` ոչ Ուկրաինայի նման, իհարկե: Կարո՞ղ եք ճղել նրանց, ճղեք (նկատի ունի Արեւմուտքին` Հ. Գ.):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել