Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ

- Ի՞նչ կարծիքի եք Նիկոլ Փաշինյանի այն  հայտարարության վերաբերյալ, որ պետք է Ադրբեջանին տալ Տավուշի մարզից 4 գյուղի տարածք, հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Փաշինյանն ասում է` այդ տարածքները ՀՀ սուվերեն տարածքում չեն, հայկական վերահսկողության տակ են անցել 1992-ի պատերազմից հետո:

- Ես կզարմանայի, որ որեւէ խելամիտ հայ մարդ այլ կարծիք հայտներ դրա վերաբերյալ, այնքան աբսուրդի ժանրից է, ի վերջո, այդ ո՞վ որոշեց ՝ որ թվականին ում կազմում է եղել, ինչ է եղել, ուրիշներն իրենց ակնհայտ չպատկանող ամեն սանտիմետրի համար արյուն են թափում, պետություններն իրենց ազգային շահերն են հետապնդում, մենք չգիտեմ ինչ հիմքեր ենք փնտրում, որ ասենք՝ սրանք մերը չեն։ Սա աբսուրդ է։ Բաներ կան, որոնց անդրադառնալը մարդու պատվից ցածր է։ Ինչ է` Ջերմուկի հողերն է՞լ են իրենցը, որ հիմա վերահսկում են։

- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դեմարկացիա-դելիմիտացիա ենք սկսում, եթե իրենց հողերը չտանք, կպատերազմեն։

- Նպատակն ակնհայտ է: Ուրիշ բան, եթե ասվի՝ հիմքեր կարող են լինել, բայց ոչ մի դեպքում չենք տալու, սա մեզ համար կարեւոր նշանակություն ունի։ Բայց ումի՞ց ինչ ենք պահանջում, այս տարիներին համոզվեցինք, որ նպատակները ոչ ազգանպաստ են։ Եթե որեւէ մեկը, առավել եւս՝ պետության ղեկավարը, կասկածի տակ է դնում տասնյակ տարիներով իր տարածքում գտնվող, իր  կողմից օգտագործվող, իր կողմից շահագործվող  տարածք ու այլ կառույցներ, այստեղ արդեն ասելիք չկա, մտածելու բան էլ չկա, թե ինչ նպատակներով են նրանք առաջնորդվում։

- Իսկ պատերազմի սպառնալիքը ռեալ չե՞ք համարում, գուցե Փաշինյանն էլ է վախենում, որ Ադրբեջանը ՀՀ-ի վրա կհարձակվի։

- Իյա՜, իրո՞ք, ինչպես կասեր դասականը, ինքն է՞լ է վախենում։ Մարդը մի առիթով ասաց, չէ՞, որ կարող էր հողերը տալ, ու այսքան զոհեր չէին լինի, հիմա էլ եկել է ասի, որ եկեք տանք, որ զոհեր չլինեն, բայց այդ սկզբունքով մի օր էլ կասի՝ Երեւանը տանք, որ պատերազմ չլինի։ Իր փաստարկներն աբսուրդի ժանրից են, հնացած, չգիտեմ՝ ում համար նախատեսված, քիչ թե շատ խելացի մարդը կծիծաղի իր փաստարկների վրա, իսկ իրականում բոլորն էլ հասկանում են, որ սա ծրագիր է, որն իրականացվում է 2018-ից սկսած։ Խնդիրն այն չէ, որ անփորձ են, չեն հասկանում, այլ այս մարդկանց իշխանության են բերել հատուկ ծրագրով, իսկ իրենք հետեւողականորեն իրականացնում են այդ ծրագիրը։ 2018-ի իրադարձություններից հետո ինձ մոտ մի հարց էր առաջացել՝ ի՞նչ նպատակով արվեց այդ ամենը, գիտեի, որ երկու նպատակով է. Արցախի հանձնում, ռուսների՝ տարածաշրջանից հանում: Միշտ մտածում էի՝ ո՞րն է առաջնայինը, բայց հետագայում, ավելի կոնկրետ՝ մի քանի ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ Արցախն ընդամենը միջոց էր, որպեսզի հիմնական խնդիրը, այն է՝ ռուսներին տարածաշրջանից հեռացնելը, իրագործեն։ Գլոբալ խնդիրը դա էր, այդ նպատակով էին այս մարդկանց բերել իշխանության, իսկ իրենք հերթականությամբ կյանքի են կոչում այդ ծրագիրը։

- Բայց մինչ այս պահը հայտարարությունների մակարդակում է հայ-ռուսական հարաբերությունների խզումը, գործնական տեսք չի ստանում` որեւէ միջպետական պայմանագիր չի լուծվել: Մյուս կողմից՝ արդյո՞ք ՌԴ-ն՝ իբրեւ ռազմավարական դաշնակից, համապատասխան պահվածք է դրսեւորում։

- Երբ փաստացի վիճակը կհամապատասխանի այն նպատակներին, որ հետապնդվում է` կխզեն։ Հիմա փաստացի արվում է, չէ՞, ՀԱՊԿ-ում սառեցվում է անդամությունը, երբեւէ մտածե՞լ էիք, որ ՀՀ-ն կսառեցնի ՀԱՊԿ-ում մեր անդամությունը՝ այս իրավիճակում, մեր տարածաշրջանում, նման հարեւանների պարագայում։ Բազում փորձագետներ արդեն քանի տարի է՝ կանխատեսում են, որ Հայաստանը բռնել է Սիրիայի ճանապարհը, եթե այսպես շարունակվի, այդ կարգավիճակը հեռու չէ իրականությունից։ Այո, ընդունում եմ ՌԴ-ի թերացումները, Ռուսաստանը երբեք էլ աչքի չի ընկել ճկուն դիվանագիտությամբ, աշխարհում երկու դիվանագիտություն է հայտնի՝ անգլիական եւ թուրքական, նրանք կարող են տասնյակ տարիներ գծել իրենց ծրագրերը, ապաեւ՝ իրականացնել, մինչդեռ Ռուսաստանի կողմից դուք երբեւէ փափուկ դիվանագիտություն տեսե՞լ եք, նրանցը կացնային է, կոշտ, որը դիվանագիտություն չէ, ու այդ պատճառով էլ բոլորի հետ խնդիրներ են առաջանում։ Անգամ ՌԴ իմ  վաղեմի ընկերների մոտ կա դժգոհություն իրենց ղեկավարների՝ Հայաստանի նկատմամբ  վարած քաղաքականության հարցում։ Բայց այստեղ մի արդարացում կա՝ եթե քո պետության իշխանությունները քո մասին չեն մտածում, ռուսներն ընդամենը նպաստեցին, որ սրանք կարողանան իրենց ծրագրերը, ինչի համար եկել են իշխանության, իրականացնել, մինչդեռ կարող էին հմուտ դիվանագիտության միջոցով թույլ չտալ իրենց վրա բարդել դիտավորյալ արվածը։ Ես մեծ հիասթափություն ունեմ ՌԴ-ի՝ մեր նկատմամբ վարած քաղաքականությունից, բայց գիտակցում եմ, որ ամեն մեկն իր շահերով է առաջնորդվում, մենք պետք է այնպես անեինք, որ մեր շահերը համապատասխանեին այդ գերտերության շահերին, իսկ դա հնարավոր էր, չկար ցանկություն։

- Չե՞ք կարծում, որ չնայած Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի վրա է բարդում Արցախի կորուստը, սակայն նախօրեին իր տիկտոկյան հարթակից հայտարարեց, որ եթե Տավուշից տարածքներ չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի: Դա ակամայից խոստովանություն էր այն մասին, որ Արեւմուտքը չի տվել անվտանգային երաշխիքներ, հակառակ պարագայում Ադրբեջանը պատերազմով չէր վախեցնի։

- Ես տվյալ սուբյեկտին չեմ լսում, բայց կարող եմ ասել, որ դա նորություն չէ, որ Արեւմուտքը չի կարող անվտանգային երաշխիքներ տալ Հայաստանին, մոռացե՞լ եք, որ անգլիական նավերը չեն կարող մեր սարերը բարձրանալ։ Իհարկե, այսօր նավեր չկան, բայց եթե լինեն էլ, ցանկություն չի լինելու բարձրանալու, որովհետեւ իրենք, մասնավորապես Անգլիան, Թուրքիայի ու Ադրբեջանի ամենամոտ բարեկամն է, իսկ մենք գրկաբաց հանդիպում, զրուցում ենք Մուրի հետ եւ այլն։

- Ի՞նչ պետք է անել, որ կանխենք այս ընթացքը, ի վերջո, հասկանալի է, որ այդ 4 գյուղի հանձնումից հետո ադրբեջանցիներն ընդհուպ մոտենալու են Լոռու մարզին։

- Ես՝ ինքս, պատրաստ եմ ցանկացած ճանապարհով, ցանկացած ձեւով կանգնել ի նպաստ մեր երկրի փրկության, կարծում եմ՝ ինձպես տասնյակ հազարավոր հայրենակիցներ կան, մնացածը քաղաքական առաջնորդների խնդիրն է, պետք է միասին փնտրենք առաջնորդներ ու հասկանանք՝ ինչ ենք անում, արդեն գործելու ժամանակն է, ես կասեի՝ դեռ շատ վաղուց։ Հիշենք, թե Մոնթեն ինչ էր ասում․ «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Կարծում եմ՝ արդեն շրջել ենք այդ էջը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել