Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները երեկ Օպերայի բակում հանրահավաք անցկացրին։ Նախապես հայտարարել էին, որ քաղաքական նպատակներ չունեն, այլ սոցիալական, աշխատանքային, բնակարանային հարցեր են բարձրացնելու: Դրանից զատ, մի կենսական թեմա էլ շոշափվեց` Արցախ վերադարձի թեման, սակայն առանց ադրբեջանական տիրապետության։ Հայաստանի իշխանություններից ակնկալում են բանակցությունների օրակարգում ներառել նաեւ արցախցիների հավաքական վերադարձի հարցը։ 

Արցախցիներն անընդունելի են համարում Հայաստանի կառավարության ներկայացրած բնակարանային ապահովության ծրագիրը, որը դեռեւս քննարկման փուլում է: Կառավարությունը, հիշեցնենք, առաջարկում է ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3 միլիոն դրամ տրամադրել՝ բնակարան ձեռք բերելու համար, որի մի մասը 10 տարուց պետք է վերադարձնեն պետությանը:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանրահավաքի վայրում ասաց, որ արցախցիների խնդիրները բազմաթիվ են՝ սոցիալական, իրավունքների ավելի լայն շրջանակին վերաբերող հարցեր, որոնցից է նաեւ վերադարձի իրավունքը, որը, ըստ նրա, պետք է նաեւ Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի։ Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի վերաբերյալ հնչած ելույթներին, այն մասին, որ միջազգային հանրության աչքի առաջ արցախցիները ենթարկվեցին էթնիկ զտումների, Ստեփանյանն արձանագրեց՝ միջազգային հանրությունը համապատասխան լրջությամբ չի վերաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին եւ էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգերին:

Հանրահավաքի վայրում մենք բլից հարցազրույցներ արեցինք արական սեռի ներկայացուցիչների հետ` որ կռիվ լինի Տավուշում, կգնա՞ք։ Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանն ասաց, որ իր համար տարբերություն չկա, թե կռիվը որտեղ է՝ Արցախում, թե Տավուշում, կգնա, քանի որ Հայաստանն իր հայրենիքն է։ Գեղամ Ստեփանյանը շեշտեց՝ ինքը կարծում է, որ արցախցիները կմասնակցեն Տավուշի մարտերին։ 

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց՝ ազգը պետք է կարողանա իր միջի փոքրությունը հաղթահարել ու համազգային, համաքաղաքացիական, վերկուսակցական այլընտրանք ստեղծել մոտ օրերին։ Ըստ Հովհաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանը վերջապես պետք է իր պատասխանը ստանա։ «Ակնհայտ է, որ իրացնում է հարեւան պետության պահանջները։ Հիմա, որ մեր քաղաքացիներին սպառնում է պատերազմով, սա նշանակում է, որ ինքը կցորդն է` իրականացնողն է թշնամի պետության քաղաքականության»,- ասաց նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել