ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:

Որոշումն ընդունվեց 57 կողմ և 27 ձեռնպահ ձայներով։

Նշենք, որ Եվրոպական խորհրդի որոշմամբ` մշտական հիմունքներով ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում պաշտոնապես տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։

Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:

Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։

Համաձայն վերոնշյալ նախագծի՝ Եվրամիությունն իրավունք ունի ԵՄ ոչ անդամ երկրներին մասնակից դարձնել ԵՄ դիտորդական առաքելությանը:

Ներկայում Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելություն իրականացնող եվրադիտորդների թիվը 209 է (նախկին 138-ի փոխարեն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել