Imyerevan.com-ը գրում է.
«Խելագարի հիշատակարան» ներկայացման բեմադրիչն առանցքային կերպարի առանձնահատկությունը ծառայեցնում է գոգոլյան գրչի նովելային անսպասելիությանը:
Մարդկությունն իր սկզբնավորումից մինչև օրս այնքան էլ չի փոխվել, և այժմ էլ արթուն է հանդիսատես դառնալու ներքին պահանջը: Բավական է թատերախաղի նախատիպ հարսանիք, թաղում կամ էլ հարևանների կռիվ հանդիպել, և անմիջապես աչքի է զարնում հետաքրքրասիրությունը բավարարող հանդիսականը:
Որպես ուշադրության խթանիչ այլ է բնական արտասովորությունը, և տրամագծորեն այլ է բնության արտառոցը, որի դրսևորումներն են երևակայականի ու ֆանտաստիկի հետևից վազող ամեն տեսակ արտաքին մուտացիաներն ու ներքին խեղումները: Արվեստը հաճախ է հետաքրքրվում խախտված ներաշխարհով: Այդ թեման արծարծող բազում ֆիլմեր են նկարահանվել, ինչպես նաև Մարկեսի, Դոստոևսկու և Գոգոլի պես գրական հսկաները, ամեն մեկն իր հերթին, հոգեխանգարմանն առնչվող պատմվածքներ են հեղինակել:
Եվ թատրոնն էլ անմասն չի մտագարության վտանգավոր ջրերում լողալու գայթակղությունից: Մտահոգեկան լոգանքի վառ օրինակներից է վերջերս Փոքր թատրոնի խաղացանկ վերադարձած «Խելագարի հիշատակարան» ներկայացումը: Վահան Բադալյանը, Գոգոլի հայտնի պատմվածքը վերաբեմադրելիս, բնավ հակված չէր այն պարզունակ տրամաբանությանը, թե բեմում ինչ էլ անի կարելի է խելագարի պիտակով արդարացնել: Նա առանցքային կերպարի առանձնահատկությունը ծառայեցնում է գոգոլյան գրչի նովելային անսպասելիությանը: Պայմանականությունը անհրաժեշտի սահմաններում օգտագործելով, հարկ եղած դեպքում այն շրջադարձելով և գտնված հնարքները չչարաշահելով հմտորեն ստվերագծում է Պոպրիշչինի հոգեխանգարման արահետը: Այնպիսի նբահնար ուղեկցությամբ է քեզ տանում այդ սարսափազդու ներաշխարհ, որ մոտ մեկ ժամ այնտեղ շրջելուց հետո չես սոսկում տեսածից: Ակամայից տրվում ես ռուս հանճարի երգիծադառն մթնոլորտին երբեմն ունկնդրից վերածվելով կերպարի էմոցիաների հեռակա մասնակցի: Ասվածի հավաստիքն է փետրագրիչը որպես պետական գործերի խորհրդանիշ մտախանգարված չինովնիկի հագին եղած վարտիքից հանելը: Սա է հենց Գոգոլի սուր ծաղրական ոճից սերող գրոտեսկային սատիրան, որի հարուցած ծիծաղը ներսումդ մոլորված իր ծնողին խղճմտանքին է որոնում:
Սակայն զգայական ծուռ ու շիտակ հայելիներով արցունքների միջից ծիծաղ քամելուց զատ, էսթետ-ռեժիսորը պետք է այլ նրբություններին էլ նույն նախանձախնդրությամբ մոտենա. առաջնահերթ ձերբազատվի ստեղծագործության թարգմանական խոչ ու խութերից, որոնք ասես բեմապատումի բարձրաճաշակ գեղագիտության հասցեին ուղղված հիշոցներ լինեն: Թեև բեմից հայերենի, ռուսերենի և ֆրանսերենի խաղարկային հնչեցումը գեղեցիկի սպասարկում էր:
Իսկ բեմադրական տեսանկյունից Վահան Բադալյանը պետք է գլխավոր դերակատար Արսեն Խաչատրյանի կերպարային խնդիրների լուծումն ավարտին հասցնի: Իհարկե, երկարավիզ հավակնություններից ցնորված չնչին մարդու տեսակի հետ դերասանի տիպարային համապատասխանությունն անհերքելի է: Արսեն Խաչատրյանը ներկայացումից ներկայացում շտկում է նաև իր խաղի թատերային հմայքի բացերը, բայց դա դեռևս բավարար չէ: Չանցնելով գերխաղի սահմանգիծը ավելին պետք է անի, որ չխախտվի գեղարվեստական ճշմարտության ոճը: Կերպարի պաթոլոգիկ ակունքների պահանջն է թատերային ինքնահատուկ վառվռունությունը, որովհետև դերի դեֆորմացված ներքինի այդպիսի հղկումն է Պոպրիշչինին զերծ պահում վանող հոգեբանական նատուրալիզմից:
Դերակատարի թերացումներից էր նաև դադարի զգացողության բացակայությունը, այն դեպքում, երբ տվյալ ստեղծագործության պարագայում առավել քան հարկավոր է այդ խաղամիջոցը: Հարկ է հիշել, որ պատմվածքի ժանրային յուրահատկություններից մեկն էլ այն է, որ խոսքն այստեղ հարվածային ուժ ունի: Կտրուկ անցումներին ցեղակից խոսքի այդ յուրատեսակ ռիթմը բեմում էլ պետք է հոգեբանական հասունացում ապրի: Եվ ամենից հաճախ հենց դադարներն են, որ սնուցում են նշված նախապատրաստող ներքին զարգացումը: Մի մտքից մեկ ուրիշին անցումը կամրջվում է դիմախաղային ու պլաստիկական շտրիխերով, ինչը խոսքային սյուժեի ընթացքին սահունություն է հաղորդում:
«Խելագարի հիշատակարան» ներկայացման ստեղծագործական վճռորոշ խնդիրները հրատապ լուծումներ են պահանջում: Հակառակ դեպքում ներկայացման ավարտից հետո կրկին նույն զգացողությունը կծնվի. Վահան Բադալյանին, որոշ վերապահումներով, բրավո, իսկ Արսեն Խաչատրյանին միայն ու միայն քաղաքավարության կիսամեռ ծափահարություններ: