Imyerevan.com-ը գրում է.

Ամառային արձակուրդից հետո մայրաքաղաքում պրեմիերան ԽՍՀՄ ժամանակաշրջանի չճարվող ապրանքի կարգավիճակ էր ստացել: Թատերական դեֆիցիտը լրացնել խիզախեց ինքնահատուկ մտածողությամբ աչքի ընկած երիտասարդ ռեժիսորը:

Ամառային արձակուրդն ավարտվել էր, բայց տեղի թատերական աշխարհը կարծես թե այնքան էլ չէր շտապում նոր բեմադրություններով հանդիսատեսի դատին ներկայանալ: Թատերական դեֆիցիտը լրացնել խիզախեց ինքնահատուկ մտածողությամբ աչքի ընկած Սուրեն Սաֆարյանը: Երիտասարդ ռեժիսորը համարձակ էր նաև գրական հենքի ընտրության հարցում. նրա ստեղծագործական հետաքրքրությունների առանցքում էր հայտնվել Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգին» բանաստեղծական վեպը: Ասել կուզի` պոետիկ է` պոեմ չի, ամեն գործչի խելքի բան չի: Բնականաբար, ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոնի բեմում Սուրեն Սաֆարյանի հեղինակած մոնոներկայացման մեջ թերացումները ստեղծագործական ձեռքբերումներից առավել էին:

Պատճառները մի քանիսն են, որոնցից են ստեղծագործության քմահաճ խմբագրումն ու դրանից բխող չարդարացված բեմադրական լուծումները: Ռուսական կյանքի հանրագիտարանը համարվող «Եվգենի Օնեգին»-ի ինքնամփոփ երկու կերպարներից չգիտես ինչու Տատյանայի վրա է շեշտը դրվում՝ բեմավորումը արհեստական պայմանականությանը հանձնելով: Այդպիսով, «Տատյանա» վերնագրով բեմականացման ընթացքում դերակատարուհին առանց տրամաբանական նախապատրաստման պարբերաբար անցում կատարեց պատմող-հեղինակի կերպարին: Արդյունքում, անհիմն խտացված կերպարի որոշ գործողություններ զրկվում են հոգեբանական հասունացումից, ինչն էլ ստվերում է առանց այն էլ ետնած սյուժեի ընկալումը: Աղճատում աշխարհի հետ միայն արտաքին աղերսներով կապված Տատյանայի ու ներքին կղզիացումով տառապող Եվգենիի նամակագրական սիրո պատմությունը: Նամակագրություն, որի գեղարվեստական ընդհանրացման համար ուշագրավ հնարանքի էր դիմել բեմավորողը:

Նկատի ունենալով այն, որ գրեթե երկու դար առաջվա պես սիրային հարաբերություններում այսօր էլ ամենանախընտրելի միջնորդը սեփական ձեռքով գրված նամակն է, լիրիկական-խրոնոլոգիական երևույթը վիրտուալ խորհրդանշումով է հրամցնում: Սոցցանցային միջավայր ստանալու համար բեմում գունային նախապատվությունը տրվում է ֆեյսբուքյան կապույտին: Ավելին, հայտնի նամակների ամեն խաղարկման պահին հնչում էր ճիշտ և ճիշտ ֆեյսբուքյան փոստային ձայնարձակումը, որն էլ ուղեկցվում էր բեմում վառվող կարմրավուն փոքրիկ լույսերի թարթումով: Հնարքը, ինչ խոսք, հետաքրքրական է, բայց գաղափարի բեմական վերարտադրությունը դեռևս սաղմնային վիճակում է: Ժամանակաշրջանային թռիչքը լիարժեք չի ներդաշնակվում 1800-ականներից եկած իրականության նրբություններին: Եվ ներկայացումը դիտող թատրոնի մարդու պարագայում անգամ ռեժիսորի հետամտած նպատակը ամբողջապես չի ընկալվում: Մինչդեռ, բեմական պայմանականությանը սպասարկող սիմվոլայինը, ալեգորիկն ու մետամորֆոզայինը, անկասկած, կարիք ունեն հստակության, այլ ոչ թե ուրվանկարային մոտեցման:

Առավել ևս, որ բեմավորողը, իր նախորդ մոնոներկայացման սխալներից դասեր չքաղելով, կրկին թքած ունի ժամանակի զգացողության վրա: Իր բոլոր կուտակումները խիստ կարևոր համարելով` մեկ դերակատարի վրա կառուցված բեմապատումը մոտավորապես մեկժամյա տևողության է հասցնում: Արդյունքում, հանդիսատեսին գեղագիտորեն գրավելու փոխարեն հակագեղարվեստական գերեվարության է ենթարկում` Եվգենին Օնեգինի ֆեյսբուքային էսքիզը անասելի ձանձրալի դարձնելով: Թեև պետք է նշել նաև, որ օդից կախված հովանոցներն ու դրանցից կախած կապույտ դույլերը բեմում փոքրիշատե բանաստեղծական մթնոլորտ էին ձևավորում: Այդուհանդերձ, Սուրեն Սաֆարյանի ամենակոպիտ դեժավյու սխալը նման բարդության դերասանական լուծը սկսնակին վստահելն էր:

Խոսքի մատուցմամբ ու որոշ ժեստերով Մարիամ Ղազանչյանի խաղաձևերին մերձեցող Արևիկ Գրիգորյանի համար դեռ վաղ է պուշկինյան բառ ու բանի կրողը լինել: Պուշկինի էական առանձնահատկություններից մեկը նրա լեզվի թեթևությունն է, ինչին նա հասնում է յուրահատուկ ոճով: Բառն ու մեղեդին իրարից չբաժանելով` ձգտում է դեպի երգայինը, որտեղից և սերում է ռուս հանճարի խոսքի ճախրանքային թեթևությունը: Լեզվական այդ զարգացման համար էլ վիրտուոզ բանաստեղծը հատուկ օնեգինյան տուն է մշակում: Այսպիսի կոթողային լեզվամտածողությունը, իհարկե, իրեն բնորոշ ռիթմ է ստեղծում, որին փորձել էր հավատարիմ մնալ հեռուստահռչակ ուսանողուհին, բայց հակառակ արդյունքին էր հանգել: Կիսաարտասանական այնպիսի տեմպոռիթմ էր վերցել, որ նրա խոսքը ոչ թե թռիչքային թեթևության զգացողություն էր առաջացնում, այլ զինվորական շարահրապարակային քայլքի ոտնահարվածի դոփյուն: Կերպարի հուզական հանդերձանքն է դառնում արտաքին պաթոսը, ինչը հակասում է Տատյանայի դերատեսակին:

Ճիշտ է` նորաթուխ դերասանուհու զգացմունքային անկեղծությունը անդառնալիորեն ապականված չէ, սակայն նրանում կերպարային զգացողության մեկ այլ կարևորագույն հատկանիշն է խարխուլ: Խոսքը էմոցիոնալ թափի մասին է: Իսկ նման խոտանի հովանավորները, ինչպես գիտենք, մասնագիտական անփորձությունն ու կենսափորձի պակասությունն են: Ինչևիցե, թատերաշրջանը համարենք բացված…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել