Imyerevan.com-ը գրում է.
Հասարակության և անհատի փոխհարաբերություննները կյանքի հաճույքների տեսանկյունից միշտ չէ, որ հարթ են ընթանում: Պատահում է այնպես, որ մարդն իր կամ ուրիշի հաճույքի պատճառով հենց այդ նույն հասարակության աչքի փուշն է դառնում: Ամբոխավարության մեխանիզմով բարոյահոգեբանական մեկուսացման ենթարկվելով` այդպես էլ չի հասկանում, թե իրենից աշխարհի ուզածն ինչ էր: Աստիճանաբար գլուխ է բարձրացնում անձի դրաման, ինչի թատերական վերարտադրություններին հանդիպում ենք մայրաքաղաքի բեմահարթակներում:
Գարնանային թատերաշրջանի շեմին Հակոբ Ղազանչյանը Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրեց սերբ դրամատուրգ Սինիշա Կովաչևիչի «Վիրուս» պիեսը: Սերբական պատմություն բախտից երես առած ռոքեր եիրտասարդի մասին, ով փառքի էությունը ճաշակելու ճանապարհին սայթաքում է կյանքի անդունդն ընկնելով: Ունենալով հանրային հռչակ, բնականաբար, նաև մեծ հաջողություն երիտասարդ աղջիկների շրջապատում իրեն չի զրկում սեռական ակտիվ կյանք վարելու հաճույքից: Հաճույք, որը նրան վտանգավոր սեռավարակներից մեկն է «պարգևում»: Տրամաբանական հետևանքները շատ չեն ուշանում. սկզբից հարսնացուն է նրան գրողի ծոցն ուղարկում, հետո՝ հարազատ քույրն է խնդրում զարմիկի ապահովության համար այլևս հայրական տուն չգալ: Սաշան շուտով վերածվում է թեթևաբարո երիտասարդ աղջիկների հանդեպ ատելությամբ լցված անուղղակի մարդասպանի: ՁԻԱՀ-ի վարակակիր լինելով միտումնավոր կենակցում է նրանց, նույնիսկ անչափահասի հետ:
Պատմությունն այս յուրահատուկ լինելով հանդերձ բեմադրական մատչելիության խնդիր ունի: Սյուժեում առկա է տեղանքային տարատեսակություն, ինչին չհակադրվելու համար ռեժիսորը տեսարանային ընդգծված պայմանական անցումների էր դիմել: Բայց ռեժիսորական այդ հնարքը հաշտ չէր տեսարաններում եղած խիստ ռեալիստական բեմադրակարգի հետ: «Պայմանական ռեալիզմի» տապալմանը նպաստում է նաև հեղինակային տեքստի անխնա խմբագրումը: Իհարկե, գովելի է այն փաստը, որ կերպարների բառամթերքում ամբարված բնագրային անպարկեշտությունները պատշաճությամբ են քողարկվել,առավել ևս, հանդիսատեսի տարիքային շեմի նկատառումով: Սակայն, երբ ներկայացման հեղինակները վերացնում են Սաշայի փառքն ու դրա առիթը հանդիսացող տեղեկությունը, Իշխան Ղարիբյանի խաղացած առանցքային կերպարի վարքագիծը զրկվում է հոգեբանական հասցեից: Թեև մի քիչ ամբարտավան ու կյանքը թանձր գույներով չդիտարկող էքսցենտրիկ Boy Freand-ի ամպլուան դերասանին հասու է, բայց, այնուամենայնիվ հասկանալի չէ, թե ինչպիսի հանգամանքներում է հաճույքի այս զոհի ինքնաբավությունը ձևավորվել: Չկա պատճառաբանվածությունն ապահովող կենսագրական բեռը:Իսկ նույնպես հաջողված Սամվել Դանիելյանի հավասարակշռված, նյարդային պահերին բռնախաղից զերծ մնացող դերակատարումը շատ ավելի շահեկան վիճակում է, քանի որ խմբագրական անհարկի վիրահատության չի ենթարկվել: Եվ լավ է, որ հեղինակի երաժշտական ցուցումի արժեքավորությունն ըմբռնելով Հակոբ Ղազանչյանը դրան լեյթմոտիվային նշանակություն է տվել: Տեսարանների սանձն է դարձրել հանդարտության մտոք զարգացող մահվան հարսանիքի ակուստիկ մարմնացումը: Ռավելիի «Բոլերոն» առաջին պլանում երջանկություն հուշող մեղմ փողային հնչողություն է, իսկ երկրորդում կործանման տագնապալից սպասումը գուժող քսմիթային ու հարվածային տրոփյուն, ինչն էլ բեմապատումի գաղափարահուզական շղթան պաշտպանում էր անտրամաբանության աքցանի ամենակուլ երախից:
Հաճույքի համատեքստում հասարակության ու անձի խորթացման փոքր-ինչ այլ պատմություն էլ Սեդա Ստեփանյանի «Ստրիպտիզ» ստեղծագործության հիման վրա Երևանի Կամերային պետական թատրոնում բեմադրեց Գոռ Մարգարյանը: Այստեղ էլ է գոտկատեղից վեր գտնվող հոգու սերը գոտկատեղից վար ընկած մարմնական սիրո խաբկանքի զոհը դառնում, սակայն հասարակությունից կտրվելու բնույթն է ուրիշ: Աղջիկը, մանկության տարիներից ի վեր մշտապես իրեն չսիրված զգալով, ավելի շատ սեփական կոմպլեքսների աշխարհում է ապրում, քան թե հասարակության հետ: Տարիներ անց նրա ընտրյալը դառնում է իր սիրային առաջին փորձությունն ու վերջին խենթությունը: Շատերի պես ինքն էլ միամտաբար խաբված է լինում, որովհետև չէր տիրապետում տղամարդու կողմից չշահագործվելու հմտությանը: Ու զգացմունքի հետ խաղացած տականքն ապագա երեխայից հրաժարվելու առաջարկ է անում: Մայրը չի ներում գլխակորույս սիրելու հանդգնությունը, տնից դուրս է շպրտում, և դեռևս չծնված երեխայի մահվան ինքնամեղադրանքը որոճալով ակամա տրվում է կյանքի հորձանուտին: Դառնում է մերկապարուհի այլոց վիզուալ հաճույքի առարկան, ինչն էլ ավելի է խորացնում հասարակության հանդեպ ունեցած նրա խորշանքը, սրում հոգում բույն դրած ինքնամեկուսացումը:
Բավական բարդ հոգեբանական թնջուկ, որի սյուժեն դրամատուրգը մատուցում է կետագծային պատմողականությամբ, ինչպես նաև ներկան հադիսատեսի հետ շփումով խաղարկելով: Թեև ընդհանրական ներքին կապը կար, բայց վերհիշվող դեպքերից մեկի ավարտը մյուսի սկիզբը չէր հասունացնում, ինչը դերակատարման առումով խրթին խնդրի առջև է կանգնեցնում կերպարը ստանձնողին: Ամեն ոք չի կարող հոգեբանորեն արդարացված ու հավաստի կատարել այդպիսի դժվար անցումները, որոնք ներկայացման ընթացքում այդպես էլ անկատար են մնում դերասանուհի Ֆրիդա Յորքի խաղում: Ինչ խոսք, պարային անցյալը դերասանուհուն թույլ է տալիս առանց որևէ դժվարության մատուցել մերկապարուհուն բնորոշ պլաստիկան: Բայց խաղի խոսքի բաժինն արդեն մատնում է կերպարին անհրաժեշտ խարիզմայի բացակայությունը, գուցե և ոչ լիարժեք օգտագործումը: Գոռ Մարգարյանը պետք տևականորեն աշխատեր դերասանուհու հետ նրա կերպարային զգացողությունը համապատասխան նշաձողին հասցնելու համար: Այլապես շնորհալի ռեժիիսորի հրամցրած բարձրակարգ էսթետիկան այդպես էլ չի ստանա իր տեսակին հատուկ ներքնահատիկը: Լուսային և ձայնային բոլոր հետաքրքիր հնարքներն ու ակորդեոնով պայմանականության հրաշալի խաղարկումը, բովանդակային կշիռ ձեռք չբերելով, վերջնարդյունքում աննպատակ կդառնան: Կխամրի հեռանկարային ստեղծագործության ապագան ուրվանկարող զգայական գունապնակը: