Մարտի 5-ին՝ ուշ երեկոյան Պուշկինի փողոցում տեղի ունեցած սպանության կասկածյալը փախուստի մեջ է: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից:
Քննչական Կոմիտեն հերքում է հարազատների հայտնած լուրը, թե տնտեսագետ Յուրի Մինասյանը վիճաբանության մասնակից չի եղել, այլ այդ պահին փողոցով անցնելիս տեսել է վիճաբանողներին և փորձել հարթել վեճը: Ըստ Քննչական Կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, Յուրի Մինասյանը ընկերների հետ գտնվել է Պուշկինի փողոցի ակումբներից մեկում, որտեղ այլ անձի հետ սկսած վեճը տեղափոխվել է փողոց և նրան բռունցքով հարվածներ են հասցրել:
«Դուրս են եկել պարզաբանումների, և փողոցում անձը, որի հետ վիճաբանության մեջ են եղել, ծանր հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի շրջանում, ինչի հետևանքով վերջինս գանգոսկրի հատվածում լուրջ վնասվածքներ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց»,- հայտնում է Գոռ Աբրահամյանը:
Նույն օրը դեպքի առթիվով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվել են, անձի ինքնությունը պարզված է, բայց նա գտնվում է փախուստի մեջ: ՆԳՆ Ոստիկանությանը հանձնարարություն է տրված նրան գտնելու վերաբերյալ: Մահվան մասին տեղեկությունը ստանալուց հետո նիա նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետերով: Կասկածյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: