Փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի իր հայցերից՝ ընդդեմ Հայաստանի։ Մինչդեռ տեղեկություններ կան, որ այդ հրաժարումը կարող է միակողմանի լինել՝ միայն Հայաստանի կողմից։

Այս հայտարարությունն աղմուկ առաջացրեց։ Աղմուկն այնքան մեծ է, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը ստիպված եղավ մարտի11-ին մեկնաբանել՝ ասելով, թե ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու որոշում չկա։ Սա չի նշանակում, որ հարցը չի քննարկվում կամ հետո էլ չի լինելու։ Ավելին՝ մեր տեղեկություններով, Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու հեռանկարը մեծ դժգոհություն է առաջացրել նույնիսկ իշխանական ճամբարում։ Ասում են՝ այդ լուրերը հատկապես ծանր է ընդունել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ահռելի աշխատանք է կատարել դրանց հիմնավորման համար։ 

Լուրեր են տարածվում, թե գանգատներից հրաժարվելու շուրջ քննարկումներից դժգոհ է եղել նաեւ Էդմոն Մարուքյանը՝ վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը։ Մարուքյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե հարցազրույցներ չի տալիս։ «Երբ որ դու Ադրբեջանի պրոբլեմը փակում ես միակողմանիորեն՝ հույս ունենալով, որ ինքն էլ իր կեղծ ձեւավորած, քո վրա բացված պրոբլեմներն է փակելու, դա տեղի չի ունենա։ Համակարգն այդպես չի աշխատում»,- այսպիսի մշուշոտ պատասխան տվեց Էդմոն Մարուքյանը։ Իր հրաժարականի պատճառներն էլ բացատրեց կառավարության հետ ունեցած արտաքին քաղաքական տարաձայնություններով։ Հայաստանը Եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ 4 միջպետական հայց ունի, եւս մեկ գանգատ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին եւ դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, գերեվարվածների դատավարություններին եւ ապօրինի բանտարկության հարցերին, մեր սուվերեն տարածքում ադրբեջանական ԶՈՒ ներկայությանը, արցախցիների բռնի տեղահանմանը եւ այլն։ Հարցը դիտարկեցինք իրավական, ազգային եւ քաղաքական տեսանկյունից։ 

Որքանո՞վ է իրավական տեսանկյունից արդարացված նման փոխզիջումը, քաղաքացիների իրավունքների այսպիսի ստորադասումը քաղաքական հարցերին։ Մեր հարցին պատասխանելով՝ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշում է, որ իր եւ մասնագիտական խմբերի կողմից առհասարակ նման որոշումն անընդունելի է։ «Մասնագիտական խմբերը, եթե նկատել եք, նման հարց չեն բարձրացրել, այն բարձրացրել են բացառապես քաղաքական մարմինները։ Բնականաբար, նրանք ինչ-որ քաղաքական նպատակ են հետապնդում, որի մանրամասն պատճառաբանությունը չի ներկայացվել։ Երկրորդը․ իրավիճակը, հայցերի, դիմումների քանակն ու բնույթն ասիմետրիկ են։ Այսինքն՝ Ադրբեջանի ու Հայաստանի դիմումներն իրենց բովանդակությամբ, քանակով, լրջությամբ շատ տարբեր են, եւ այս տեսանկյունից էլ նման որոշումը խնդրահարույց է»։ Արա Ղազարյանը կարծում է, որ անգամ եթե իշխանությունը նման բան որոշի, պետք է այնպես անել, որ իրավունքը չկորի․ «Մարդիկ, ովքեր իրավական պաշտպանություն են հայցել, պետք է այն ստանան, ու եթե իշխանությունները միտք ունեն իրավական գործընթացը փակել, հարցը պետք է տեղափոխեն քաղաքական հարթություն։ Այսինքն՝ գույքային եւ այլ իրավունքները պետք է լուծվեն քաղաքական դաշտում, Ադրբեջանի կողմից, բայց արդյո՞ք կկարողանան իշխանությունները նման մեխանիզմ ապահովել»։ Ըստ Արա Ղազարյանի՝ ավելի լավ կլիներ, որ իրավական գործընթացներում հարցը լուծվեր, քան քաղաքական, որտեղ ուժերը հավասար չեն։ «Իսկ իրավական գործընթացներում՝ ելնելով նրանից, թե որ օրենքի գերակայությամբ են պրոցեսները կառավարվում, ուժերը հավասա՞ր են, անկախ նրանից, թե ռազմի դաշտում ով է հաղթել կամ պարտվել»։ Ղազարյանը վերջին շրջանում ՄԻԵԴ ներկայացրած իր անհատական դիմումներում միջնորդել է, որ դրանք չմիացնեն միջպետական դիմումներին, որովհետեւ եթե պետությունը սկսի հրաժարվել, իր անհատական գանգատները եւս կկորեն։ Սակայն նա վստահ չէ, որ Եվրադատարանը կընդունի իր միջնորդությունը։ 

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը չի զարմանա, եթե միջազգային գանգատները չեղարկելու վերաբերյալ որոշումը նույնպես վերջանա ի վնաս մեր հայրենիքի եւ հերթական զիջումը լինի զիջումների երկար շարանում։ Նա հիշեցնում է, որ Հայաստանը միջազգային դատական ատյաններում 5 լուրջ խախտումների վերաբերող գանգատ ունի, իսկ Ադրբեջանը՝ մեկը, որը, իր կարծիքով, թույլ է ու զրո շանս ունի հաղթելու։ «Կան նաեւ այլ պատմական հարցեր, որոնք ապագայում ավելի ազգային մի իշխանություն կարող է ներկայացնել արդարադատության միջազգային դատարան՝ Թուրքիո, Ադրբեջանի դեմ, 1915 թվականի ցեղասպանության, Արցախի տարածքի վերաբերյալ, եւ այս իշխանությունները, հուսամ, չեն ստորագրի մի բան, որը չի թողնի, որ ապագայում չկարողանան դիմել միջազգային ատյաններ»,- ասում է Սասունյանը։

Երեկ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ չկա որոշում։ Հավատո՞ւմ եք։ «Ամեն օր, որ մի բան է հայտարարում Փաշինյանն ու հաջորդ օրը հայտարարում է հակառակը։ Անգամ եթե իրենք ասեն՝ չենք դիմելու, ես վստահ չեմ, որ դա ճշմարտություն է։ Ես ոչ մի վստահություն չունեմ այս իշխանության վրա։ Հայ ժողովուրդը ոտքի կկանգնի ու դեմ կկանգնի մեր պատմական հողերի, Սահմանադրության, զինանշանի, հիմնի, Արարատի դեմ ոտնձգություններին։ Անընդհատ զիջումների մի մեծ շարան կա, եւ մեր ժողովուրդը պետք է սթափ լինի ու չթողնի, որ մենք այսպես շարունակ կորուստներ ունենաք մեր ազգային շահերից»։ «Կալիֆորնիա կուրիերի» խմբագիրը նաեւ հիշեցնում է, որ երբ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ ուզում են միանալ միջազգային քրեական դատարանին, դա պատճառաբանում էին նրանով, որ ուզում են Ադրբեջանի դեմ դատ բացել։ «Բայց հիմա տեսնում ենք, որ դա էլ խաբկանք էր, եւ կարող է դատ չբացեն ու համաձայնեն Ադրբեջանի հետ, ու միակ բանը, որ ունեցանք, այն է, որ խախտել ենք ՀՀ ու ՌԴ հարաբերությունները՝ այդ անիմաստ քայլի պատճառով»։ 

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ վստահ է, որ Հայաստանը չի կարող չգնալ միակողմանի զիջումների, որովհետեւ այս իշխանությունն օբյեկտիվորեն գտնվում է պատանդի կարգավիճակում ու հետդարձի ճանապարհ չունի, իսկ միջազգային դատարաններ ներկայացրած գանգատներից հրաժարվելն արեւմտյան ծագման գաղափար է։ «Կարծում եմ՝ իրենց դրսից խորհուրդ են տվել, որ մենք մեր հարաբերությունները հնարավորինս հարթենք, որպեսզի մենք՝ բոլորս, իրար հետ միասին՝ Հայաստան, Վրաստան Ադրբեջան, դուրս գանք ՌԴ ազդեցության դաշտից։ Արեւմուտքն ասում է՝ եթե դուք կարողանաք բալթյան երկրների նման իրար հետ միասնական հաշտության գաք, մենք ձեզ կաջակցենք, դուք կազատվեք ռուսների ազդեցությունից եւ հաշտ ու խաղաղ կապրեք։ Հիմա իշխանության են եկել մարդիկ, որոնք գուցե անկեղծորեն հավատում էին այս գաղափարին, բայց հանգամանքների բերումով իրենք էլ են սկսել հասկանալ, որ սա խաբկանք է, մենք եւ Ադրբեջանը բալթյան երկրներ չենք, ու եթե դու անգամ համաձայն ես Ադրբեջանի հետ այս մոդելով ապրել, Ադրբեջանը համաձայն չէ քեզ հետ ապրել, քանի որ քեզ չի դիտարկում որպես հավասար գործընկեր, իսկ Արեւմուտքը չունի Ադրբեջանի ախորժակը զսպելու լծակները»։ Ըստ Երվանդ Բոզոյանի՝ մենք Ադրբեջանի հետ հավասար չենք նաեւ խախտված իրավունքի առումով, եւ հավասարության նշան դնել մեր ու  նրանց պահանջների միջեւ՝ չի կարելի։ «Մենք շատ ավելի տուժած վիճակում ենք, քան նրանք։ Մենք ունենք գերիներ, նրանք չունեն, մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել