Անառագաստ նավս անարդյունք,
Ծովում պտտվում ու քեզ չի գտնում:
Հիմա չգիտեմ, թե քեզ փնտրելու
Իրավունք ունե՞մ,
թե չունեմ:
Նավարարդ հիմա ուրիշն է, 
Գիտե՜մ, 
Հիմա թռչում ես ուրիշ թևերով,
Ուրիշ ձեռքեր են հիմա քեզ գրկում,
Ու քեզ քամին է համընթաց քշում: 

Մոտեցիր ինձ գիշերվա տեսքով,
Թող քեզ մերկացնեմ իմ գիժ աչքերով,
Գիշերանոցդ առագաստ սարքեմ
Ու ճամփա ընկնեմ քո ճանապարհով:

Ներիր ինձ,
Սակայն չեմ ասի ես քեզ,
Թե ինչպե՞ս և ի՞նչ հրաշք-հնարքով,
Ես քեզ կգտնեմ, ես կգամ քեզ մոտ,
Որ մենությունն ինձ տիրություն չանի,
Որ բորբ կարոտս
Խենթ ու անհամբեր,
Երազներիս փակ դուռը չթակի:

Մի՞թե չես լսում…
Ցավերս կրկին առել են թևեր…
Մի՞թե չես տեսնում,
Տարրերս բոլոր առել են
Նոր գույն,
Առել նոր ձևեր,
Անհորձանք ծովում աչքերս փակվել,
Ու լուսնի սիրտն են փորձում ծվատել:

Իրավունք ունե՞մ 
Քեզ երազելու…
Քեզ ունենալու…
Ու անափ ծովի դրախտավայրում,
Քամու բերանին
Հոգիս այրելու…

Տուր ձեռքդ բռնեմ…
Շոյեմ վարսերդ քամուն հանձնված,
Թող որ մոլեգնի ծով անապատում
Գիշերանոցդ առագաստ դարձած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել