Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը կատարող իրավապահ կառույցները վերջին շրջանում ակտիվ հետաքրքրություն են դրսեւորում արցախցիների նկատմամբ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Արցախից բռնագաղթած տասնյակ քաղաքացիների, մասնավորապես քաղաքական գործիչների, պետական կառավարման համակարգում աշխատած մարդկանց են վերջին ամիսներին կանչել հարցաքննության, անգամ՝ վարչական աշխատողների։ Հրահանգ ունեն` վախեցնելով, ճնշելով՝ ցուցմունքներ կորզել արցախցիներից, որի իմաստը թերեւս երկու բան է. վախեցնել, որ նրանք չմիավորվեն ու պայքար չսկսեն Արցախը հանձնած ՔՊ-ական իշխանության դեմ, եւ արցախյան գործիչների ուսերին դնել Արցախը հանձնելու բեռը:

Հիմնական թիրախը, իհարկե, Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանը եւ նրան աջակցող խումբն է, որոնցից փորձում են թալանչու, Արցախը հանձնողի, Արցախում բռնի հեղաշրջում իրականացրած, ապա ադրբեջանցիների հետ համագործակցած հանցագործների կերպար ստանալ: Գլխավոր խնդիրն է՝ հարցաքննություններով կորզել, որ այս խումբը բռնությամբ է զավթել Արցախում իշխանությունը, եւ Արցախի նախկին նախագահ, ներկայում ադրբեջանական գերության մեջ գտնվող Արայիկ Հարությունյանին պարտադրել են հրաժարական ներկայացնել, տապալել են սահմանադրական կարգն ու իշխանություն զավթել: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որ Արցախի կորստից հետո արդեն ամիսներ շարունակ այս թեզն են առաջ քաշում՝ հայտարարելով, որ ոչ թե իրենց վարած քաղաքականության հետեւանքն էր Արցախի կորուստը, այլ Սամվել Շահրամանյանն է այն հանձնել` մի ստորագրությամբ, փաստորեն, հիմա էլ ուզում է արցախցիների ձեռքով` ցուցմունքներով ամրագրել դա: Դրանով նաեւ արցախյան դժգոհ գործիչները վերահսկելի կդառնան: Ուրիշ գործիքակազմ էլ են կիրառում` արցախցիների մեջ պառակտում մտցնելով, տարբեր թեւերի բաժանելով եւ իրար դեմ հանելով, արցախցիների նկատմամբ հայաստանցիների կողմից ատելություն ու մերժում հրահրելով, հայաստանցիներին ներշնչելով, որ «ապերախտ արցախցիների» համար ամեն ինչ անում ենք` չեն գնահատում, որ պետությունից շատ բան են պահանջում եւ այլն։ Դե իսկ Հայաստանում իշխած արցախյան ծագումով գործիչների եւ արցախյան կլանների թեման հավերժ է, որքան հավերժ է նախկինների դեմ պայքարը:

Դեռեւս անցած տարվա սեպտեմբերին Սամվել Բաբայանն իր հարցազրույցներից մեկում ասաց, թե Արցախում հայտնի ութնյակը «պադվալային» բանակցությունների արդյունքում է Արայիկ Հարությունյանին հրաժարական պարտադրել: Նա նկատի ուներ Արցախի նախկին նախագահներին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ խորհրդարանական խմբակցություններից մի քանիսի ղեկավարներին, որոնց հետ այդ օրերին Արայիկ Հարությունյանը պարբերաբար հանդիպում եւ քննարկում էր շրջափակումը դադարեցնելու, ապա իր հրաժարականի հարցը։ Իսկ անցած սեպտեմբերին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Բաբայանը, ում նկատմամբ ադրբեջանական երկարամյա հետախուզում կար հայտարարված, հատելով սահմանը եւ հասնելով Երեւան՝ հարցազրույց տվեց ու ավելի բաց տեքստով քննադատեց Արցախում մնացած պաշտոնյաներին` նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Սամվել Շահրամանյանին: Հոկտեմբերի 6-ի այդ հարցազրույցից օրեր անց Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ Սամվել Բաբայանի հայտարարությունների ու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն դատախազությունը մինչ օրս չի հստակեցրել, թե կոնկրետ ում դեմ է վարույթը եւ ինչ բովանդակությամբ։

Ասվեց միայն՝ քրեական գործի հիմքում 2 հոդված է՝ զինվորական անփութություն ու հակառակորդին զինտեխնիկայի հանձնում: Քննչական կոմիտեն եւ ԱԱԾ-ն արցախցիներին հարցաքննության են կանչում հիմնականում այս վարույթի շրջանակներում, թեեւ այլ գործեր էլ կան հարուցված, օրինակ, Արցախի ներդրումների հիմնադրամի գործունեությանն առնչվող։ Հարցաքննության կանչվում են հատկապես Արցախի պատգամավորներն ու նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները, մինչեւ անգամ՝ վարչական աշխատողները։ Հարցուփորձ են անում Արայիկ Հարությունյանի հրաժարականից, հնարավոր ճնշումներից եւ հատկապես հրաժարականին նախորդած հայտնի գիշերային քննարկումից, թե ով ինչ է խոսել, ինչ է ասել, եղե՞լ են արդյոք Արայիկ Հարությունյանին ուղղված սպառնալիքներ, թե՞ ոչ։
Հիշենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականին նախորդել էր Ազգային ժողովում  ներկայացուցչական կազմով հավաք՝ օգոստոսի 19-ին: Այդ 6-ժամյա փակ հանդիպման ժամանակ քննարկել էին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ելքերը, մասնավորապես՝ ադրբեջանական կողմն ինտեգրում էր պահանջում, իսկ Արցախում համառորեն դիմադրում էին: Քննարկմանը մասնակցել էին նաեւ Արցախի նախկին նախագահները, կուսակցությունների ղեկավարներ, ԱԺ խմբակցությունները, ՀԿ ներկայացուցիչներ եւ Սամվել Բաբայանը։ Դրանից 1-2 օր անց Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, սակայն այդ օրերին նա մեզ հետ զրույցում նշեց, որ իր հրաժարականով ուզում է լիցքաթափել իրավիճակը` ադրբեջանական կողմն արդեն հրաժարվում էր նրա հետ հանդիպելուց։ Նա հույս ուներ, որ կգա նոր մարդ, ով կկարողանա ուղիղ բանակցել ադրբեջանցիների հետ, եւ որոշակի տեղաշարժ կարձանագրվի:

Իսկ այդ 6-ժամյա հավաքին մասնակցած մարդիկ պատմում են, որ ամենաակտիվը Ս. Բաբայանի կուսակիցներն են եղել, նրանցից մեկն անգամ Ա. Հարությունյանին կոշտ տեքստով առաջարկել է հրաժարական տալ, գնալ, եթե չի կարողանում կառավարել։ Հիշում են նաեւ, որ Հարությունյանն այդ ժողովի ժամանակ կարծես դրդել է ոմանց, որ պահանջեն իր հրաժարականը: Ոմանք անգամ տպավորություն են ստացել, որ ինքն իմացել է Արցախին սպառնացող վտանգի մասին եւ ուզում էր օր առաջ հեռանալ, բայց այնպես, որ տպավորություն չստեղծվի, թե փախչում է։ Հենց այդ օրն էլ  Սամվել Բաբայանը բացահայտել է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում, նրանց փոխանցել է 23 կետից կազմված ինչ-որ փաստաթուղթ, եւ որ Արայիկ Հարությունյանը տեղյակ է դրանից։ 
Մեզ ասացին, որ հարցաքննվողների թվում եղել են նաեւ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքի պատգամավոր Արամ Գրիգորյանը, Սամվել Բաբայանի կուսակից Գագիկ Բաղունցը, ով ներկայում իրականացնում է ԱԺ նախագահի պարտականությունները։ Ընդ որում՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, Բաղունցին մի քանի անգամ են կանչել քննչական մարմին։

ՀԳ. Արցախցիներից իմացանք, որ Հայաստան տեղափոխվելուց հետո իրավապահներն առհասարակ հանգիստ չեն տալիս իրենց հասարակական-քաղաքական այն գործիչներին, որոնք ակտիվ են, հակաիշխանական տեսակետներ են հնչեցնում։ Պարբերաբար նրանք կանչվում են քննչական, նրանց հետ զրույցներ են ունենում, ընդ որում՝ հաճախ անգամ վարույթներ ու մեղադրանք չկա: Եվ զրույցի շրջանակը լինում է բավականին ընդարձակ, նպատակը՝ կառավարել արցախցիներին, վախեցնել։ Ոմանց էլ Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության հետ կապված վարույթի շրջանակներում են հարցաքննում` հիմնադրամի գումարների ծախսման արդյունավետությունը ստուգելու համար հարուցված։ Մի վարույթ էլ կա, որը կապված է Սամվել Շահրամանյանի՝ դատախազությանն ուղղված դիմումի քննության հետ, որով նա պահանջել էր ստուգել իրեն ուղղված կոռուպցիոն մեղադրանքները: Մեզ ասացին նաեւ, որ սոցցանցերում անգամ անանուն, ֆեյք էջերում գրված մեղադրանքներն են քննության առարկա դարձնում` հարցաքննության հրավիրելով արցախցի պաշտոնյաների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել