Միգուցե իրոք
Այդպե՞ս ես սիրում`
Սպանում ես, հետո նորից
Արարում:
Եթե այդպես է՝
Սպանիր քո գրկում,
Խաչիր քո վրա,
Թող մնամ խաչված
Ամբողջ աշխարհի աչքերի առաջ…
Ու սկավառակդ սիրո պտվի
Համբույրների մեջ մյուռոնով օծված՝
Պատարագելով սիրո ձևը այս:
Ես չեմ համբառնի,
Կփառաբանեմ լույսը աչքերիդ,
Կարոտ կմնամ ամեն բարևիդ…
պապակ շուրթերով արև անունիդ:
Ուզո՞ւմ ես սպանիր,
Գնդակահարիր,
Զոհասեղանին մորթիր,
Մի գնա՜…արի՜…
ինչպես սիրում ես այնպես էլ գրկիր,
Խաչված կամ մորթված,
Օճորքից կախված
Թող որ տատանվեմ
համահունչ սրտիդ
Ազատ ինքնակամ հրաշքով վայրի,
Ու մեր լեգենդը ոչ թե կործանվի,
Այլ շարունակվի
Հավերժ տատանվել
Լինել, չլինել,
Լինել , չլինել…
Մայն չընդհատվել,
Ու կարողանամ խաչված բղավել
- Գտել եմ հավերժ շարժիչի ձևը՝
Սիրել ու խաչվել,
Խաչվել ու սիրել…
… Արև անունդ շուրթերիս պապակ…
Ես գտել եմ քեզ - Սիրո մոլորակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/529106140495693
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել