Հին ու փորձառու դատավորները շարունակում են հեռանալ դատական համակարգից․ երեկ հրաժարական ներկայացրին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանն ու Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը: Մոտ 10 օր առաջ էլ հրաժարական էր տվել ԲԴԽ անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Ստացվում է, որ եթե առաջ դատավորներին կարգապահական վարույթներով էին հեռացնում, ապա այժմ նրանք «իրենց դիմումի հիման վրա» են հեռանում։ Այս հրաժարականների հետ կապված՝ մեզ տեղեկություններ են հասել, որ դեռեւս 2020թ․ պատերազմի շրջանում դատավորները ներքին «չատով»` 5 հոգու մասնակցությամբ, զրուցել են ներքաղաքական իրավիճակի, իշխանությունների՝ երկրին բերած աղետների մասին, քննադատել են Փաշինյանին, Աննա Հակոբյանի` բունկերում գտնվելը։ Հետո «չատը» ջնջել են, սակայն նրանց ներսի «առնետը» սքրինները պահել է եւ մոտ 4 տարի անց նա՝ իշխանության սրտի դատավորը, որին ուզում էին Վերաքննիչ քրեական դատարանի ստվերային նախագահ կարգել, այս մասնավոր զրույցի բովանդակությունը հասանելի է դարձրել իշխանություններին, ինչից հետո վերջիններիս պահանջով դատավորները մեկը մյուսի հետեւից հրաժարականներ են տալիս։ Մեզ ասացին, որ մոտ օրերս հրաժարական կտա նաեւ այդ խոսակցությանը մասնակցած չորրորդ դատավորը` Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։ Ընդ որում` հրաժարականները պարտադրվում են ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկի կողմից, ընտանիքներին ուղղված դաժան շանտաժների ու սպառնալիքների միջոցով:

Մենք զրուցեցինք հրաժարական տված դատավոր Սերգեյ Մարաբյանի հետ: Ինչպե՞ս է պարզաբանում իր հրաժարականը։ «Պարզաբանելու բան չկա, ես իմ դիմումում էլ եմ գրել, թե ինչու եմ հրաժարական ներկայացրել․ ուզում եմ գիտական գործունեությամբ զբաղվել, հատկապես նպատակադրված եմ դոկտորական աշխատանք գրել, եւ ժամանակի առումով չէր ստացվում դա անել։ Ես տարբեր ծրագրերով նաեւ հետազոտական աշխատանքներ եմ անում, գրքեր ունեմ, որոնք կիսատ են մնացել, ուզում եմ նաեւ դրանք ավարտել, եւ գործը, կոպիտ ասած, խանգարում էր։ Ձեռքի հետ նաեւ իրավապաշտպան գործունեություն եմ ծավալելու։ Դա է եղել իմ հրաժարականի ամբողջ մոտիվացիան, ուրիշ բան չկա»,- ասաց Մարաբյանը։

Բայց չէ՞ որ ինքը հեղինակություն ունեցող դատավոր է, արդյո՞ք գիտական գործունեությունն ավելի կարեւոր է, քան դատավորի աշխատանքն ու արդարադատություն իրականացնելը՝ հարցրինք նրան։ «Տեսեք՝ դա ինձ համար է կարեւոր, որովհետեւ ես 2006 թվականից եմ զբաղվում գիտական գործունեությամբ։ Մի քանի մենագրությունների, դասագրքերի հեղինակ եմ` մոտ 50 եւ ավելի գիտական հոդվածներ ունեմ, անընդհատ գիտամանկավարժական գործունեության մեջ եմ եղել, եւ դա է ինձ բերել այդ հեղինակությունը։ Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ որքանո՞վ է իրականություն, որ ես այդպիսի հեղինակություն ունեմ, բայց ինձ համար ավելի կարեւոր է այդ գիտական գործունեությունը, քան պրակտիկ գործունեությունը, որովհետեւ ես ցանկացած պահի կարող եմ սա նորից ունենալ, իսկ այնտեղ ժամանակի կորուստը կարող է անդառնալի լինել, որովհետեւ ոչ բոլոր տարիքներում է, որ մարդը կարող է ունենալ այդ նույն ճկունությունը, որպեսզի կարողանա գիտության մեջ ինչ-որ մի խոսք ասել։ Հիմա ինձ մոտ այդ ճկունությունը կա, ավելին ասեմ՝ ես գիրք եմ պատրաստում, որը համարյա ավարտական փուլում է, անցյալ տարվա սեպտեմբերից սկսել եմ, եւ շուտով, երբ ես այն ավարտեմ, ողջ հետխորհրդային շրջանում գիտական նորույթ է լինելու, որովհետեւ նման բան չկա։ Այն հատուկ նվիրված է դատավորի էթիկային եւ մասնագիտական վարպետությանը։ Այդ աշխատանքը կատարելու ընթացքում, իսկ ես սեպտեմբերից աշխատում եմ մինչ օրս, գիշերները մինչեւ ժամը 1-ը նստած աշխատանք եմ անում, զուգահեռ՝ դատական գործեր ու ակտեր, դրանք պարզապես անհամատեղելի են։ Իմ առաջնային մոտիվացիան հենց դա է եղել, որ ես ունեմ որոշակի գիտական գործունեություն ծավալելու պոտենցիալ, եւ այս պահին կա շարժառիթ, որ ես պիտի ռեալիզացնեմ այդ պոտենցիալը։ Դա է եղել հիմնական պատճառը, որ ես որոշեցի՝ ավելի լավ է այս պահին զբաղվեմ այն գործունեությամբ, որն իմ կյանքի համար կարեւոր է, քան դատավորի ստատուսը։ Երբ ավարտեմ, չի բացառվում, որ հնարավորություն կլինի, եւ եթե ուզենամ, կվերադառնամ, դա ժամանակը ցույց կտա։ Զուգահեռ նաեւ իրավապաշտպան գործունեություն եմ պլանավորում իրականացնել, զուտ որպեսզի ֆինանսական բարեկեցությունը որոշակի լավանա․ փաստաբանություն կամ այլ ծրագրեր»։

Նրան հարցրինք` իսկ ճի՞շտ է, որ մի խումբ դատավորներով «չատ» եք ունեցել, որի պարունակությունը հասանելի է դարձել Կարեն Անդրեասյանին։ «Ես չգիտեմ, թե այդ լուրերն ով է տարածում, ինչի համար է տարածում, դա ինձ հետ առհասարակ կապ չունի, ես չեմ էլ ուզում այդ հարցն առհասարակ քննարկել։ Ես իմ մոտիվացիան հստակ ներկայացրի, թե ինչու եմ հրաժարական ներկայացրել, իսկ մնացածը բամբասանքի տիրույթից է, այնպես որ՝ եկեք ես սահմանափակվեմ»,- պատասխանեց Մարաբյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել