ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախ հաղորդեց, որ, որպես «բարի կամքի դրսեւորում», որոշվել է վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին, որը փետրվարի 28-ին Տեղ գյուղի մոտակայքում հատել էր հայ-ադրբեջանական սահմանը. «Որպես բարի կամքի դրսեւորում եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված եւ հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»։ Ապա իրավապահները հայտարարեցին, որ քրեական հետապնդումը նրա նկատմամբ դադարեցված է: Հետո հաղորդեցին, որ ադրբեջանցին արդեն Բաքվում է, լուսանկարներ տարածվեցին, թե ինչպես է նա «հերոսին» վայել ընդունելության արժանանում: 

Հիշեցնենք, որ ադրբեջանցին զինված է եղել ինքնաձիգով, նրա ձերբակալումից անմիջապես հետո Քննչական կոմիտեն վարույթ էր հարուցել՝ «դիվերսիայի փորձ․․․ ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության եւ թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու․․․ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ»։

Իսկ վարույթը կարճելու հայտարարության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու եւ մոլորվելու հետեւանքով։ Եվ որոշեցին, որ ադրբեջանցին ոչ թե դիվերսանտ է, այլ՝ «մոլորյալ»։ «Ոչ ոք չէր կասկածում, որ հայերն արագ կվերադարձնեն մեր զինվորին։ Ինչպես ասաց Լուկաշենկոն՝  Куда вы денетесь?»,- ադրբեջանցի օգտատերը մեկնաբանություն է թողել «Հրապարակի» ֆեյսբուքյան էջում, մինչ հայ օգտատերերը հայհոյում եւ անիծում էին այս որոշումը կայացնողներին։ Իրոք՝ տպավորություն կա, որ հայկական կողմն անխտիր կատարում է հակառակորդի բոլոր պահանջները։ Այս դեպքում գոնե կարո՞ղ էին մեկ գերի պահանջել այս զինվորի դիմաց, ինչքա՞ն կարող ենք միակողմանի «բարի կամք դրսեւորել»՝ հարցնում էին մարդիկ համացանցում:

Կտտանքը կտտանքով չես չեզոքացնի. Զեյնալյան

Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ, գերիների վերադարձով զբաղվող փաստաբան Արտակ Զեյնալյանը, ով երկար տարիներ զբաղվել է գերիների խնդրով, համաձայն չէ «գերին միայն գերու դիմաց» ընկալմանը։ «Սրանք ոչ միայն միջազգային իրավունքի, մարդկայնության, մարդկային վերաբերմունքի նորմեր են։ Այն, որ Արդբեջանն իր մոտ ազգությամբ հայ գերիների կամ Արցախի քաղաքացի է պահում, հակաիրավական է, հակամարդկային է, եւ մենք չենք կարող նման կեցվածք դրսեւորել։ Մենք մեզ թույլ չենք տվել «լեզու» առեւանգել կամ սահմանն անցած պատահական մարդկանց առեւանգել եւ կտտանքների ենթարկել, գերիներին տանջանքների ենթարկել»,- ասում է Զեյնալյանը։ Նա հիշում է, թե ինչպես, երբ արդարադատության նախարար էր, բուժել է տվել սահմանն անցած մի ադրբեջանցի հոգեկան հիվանդի։ «4 անգամ վիրահատեցինք նրան, նա տարբեր մետաղական իրեր էր կուլ տվել, բուժեցինք ու արտահանձնեցինք։ Դրա հետ կապված՝ ես պնդեցի, որ նրան պետք է հանձնել ընտանիքի անդամներին»,- ասում է Զեյնալյանը։ Նա հասել է նրան, որ ադրբեջանցի գերուն թույլատրեն հեռախոսով խոսել իր ընտանիքի անդամների հետ։

«Առաջին անգամ ես եմ ապահովել դա։ Դա է մարդկայինը, դա ոչ թե ձերբակալվածի իրավունքների ապահովում է, այլ քո՝ որպես մարդու, մարդկային իրավունքի ապահովում»։ 
Բայց Ադրբեջանը մեր բոլոր գերիներին հանցագործ է անվանում, դատում, պահում բանտերում, իսկ մենք գրում ենք՝ մոլորվել է։ Ինչո՞ւ։ «Մենք չենք կարող նման պահվածք ցուցաբերել։ Իրենց կողմից տրված իրավական ձեւակերպումները հաճախ իրար բացառում են։ Կհիշեք Խծաբերդում գերի ընկած տղաներին։ Առնվազն 5-ի նկատմամբ չկար որեւէ հարկադրանքի միջոց, չկար օրինական հիմք՝ նրանց անազատության մեջ պահելու։ Այդպիսի հակասությունները բազմաթիվ են։ Ադրբեջանի ամբողջ պետական, իրավական, դատական համակարգն առոչինչ է, բայց մենք չենք կարող որեւէ մեկին, ով մոլորվել է եւ չունի թշնամանք, պահել անազատության մեջ ու կտտանքների ենթարկել։ Ես բոլոր պատերազմների վետերան եմ, մեր թիմի համար՝ իմ, Սիրանուշ Սահակյանի, հիմա էլ շարունակվում են էդ բոլոր պատերազմները, իմ տղան բանակում է ծառայում, բայց ես ձեզ ասում եմ՝ այդ տղային վերադարձնելը ճիշտ էր։ Կտտանքը կտտանքով չես չեզոքացնի»։

Նախկինում ամեն գերու համար կռիվ էր գնում. Ադիբեկյան

Ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ էր ադրբեջանցի զինվորին վերադարձնելը՝ դրա փոխարեն մեր գերիներին չպահանջելով։ Հարցն ուղղեցինք Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանին, ով մինչեւ 2018-ը զբաղվել է ռազմագերիներին առնչվող խնդիրներով՝ փոխանակումից մինչեւ տեղեկատվական պատերազմներ եւ փաստահավաք աշխատանք: Նա նաեւ «Հայատյացությունը՝ Ադրբեջանում» գրքի հեղինակն է։ Ադիբեկյանը կարծում է, որ մեզ այնպիսի վիճակում են դրել, որ մենք չունենք փոխարենն ինչ-որ բան պահանջելու ո՛չ իրավունք, ո՛չ հնարավորություն։ «Իհարկե, սխալ էր հենց այնպես գերի վերադարձնելը, բայց սխալ է այն ամենը, ինչն արվում է 2018 թվականից ի վեր։ Այս կոնտեքստում իմաստ չկա նրանցից ճիշտ քայլեր սպասել։ Եթե դու չես վերադարձնում ադրբեջանցուն, նշանակում է` ամրապնդում ես սահմանները եւ սկսում ես պատրաստվել նոր դիվերսիոն խմբերի ներթափանցմանը, նշանակում է՝ քո զորքը զգուշացված է, որ կրակ է բացելու դիվերսանտների ուղղությամբ։ Սա ավելի մասշտաբային օպերացիա է, քան ուղղակի չտալը կամ չփոխանակելը։ Ու քանի դեռ դու թույլ ես տալիս քո թշնամուն անել այն, ինչ նա կամենա, քանի դու զիջողի դիրքում ես, քանի ի վիճակի չես ինքնուրույն ոչ թե պաշտպանել, այլ գոնե գիտակցել քո ազգային շահերը, ռեսուրս ուղղել դրանց պաշտպանությանը, միշտ ավելի վատ է լինելու։ Նրանք միշտ խցկվելու են մեր տարածք ու ձեռքերը թափ տալով՝ վերադառնալու են տուն, իսկ մերոնք գերի են ընկնելու ու անհետ կորելու են»։ 

Ի՞նչ էր արվում նախկինում, ինչպե՞ս էիք վերադարձնում, բանակցում։ «Նախկինում մեր սահմանները պաշտպանված էին, եւ նրանք շատ լավ հասկանում էին, որ եթե հանկարծ ընկնեն գերի, անպայման փոխանակում է լինելու։ Եվ իրոք՝ միշտ փոխանակում էր լինում, ընդ որում՝ այն տեղի էր ունենում ոչ թե «մեկը՝ մեկին» սկզբունքով, այլ «բոլորը՝ բոլորին»։ Եթե մենք ունենք, օրինակ, 3 գերի, նրանք` 15, մենք 3-ին տալիս էինք, 15-ին վերցնում էինք, ամեն գերու համար կռիվ էր գնում։ Կարող եք նայել տարբեր քրեական գործեր։ Անընդհատ ամրապնդվում էին սահմանները, եւ մարտական տագնապի ժամանակ բոլորը հասկանում էին, որ հիմա սկսելու են կրակել։ Մի խոսքով, դա մի ամբողջական մեխանիզմ է, որը պետք է աշխատեր։ Փորձեք, հարցրեք Իշխանասարում ծառայած տղաներին՝ ի՞նչ պայմաններում, ինչպե՞ս են նրանք ծառայել, ու ձեզ համար շատ բան պարզ կդառնա»,- ասում է Արմինե Ադիբեկյանը։

Պաշտոնապես հաստատված է համարվում, որ այս պահին Ադրբեջանում անազատության մեջ 23 հայ գերի է պահվում, ներառյալ Արցախի նախկին ղեկավարությունը` 8 ռազմաքաղաքական գործիչ։ Իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ հայ գերիները մոտ 80-ն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել