Հայաստանի քաղաքական վերնախավն այսօր վաղ առավոտյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Մասնավորապես, «Եռաբլուրում» էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Ավելի ուշ նրանց միացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք «Եռաբլուրում» մնացին շուրջ 10 րոպե, ապա հեռացան: Պանթեոնում մնաց միայն Սասուն Միքայելյանը:

Վարչապետը եւ մյուսները ծաղիկներ խոնարհեցին սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին:

Նշենք, որ վաղ առավոտից «Եռաբլուր» պանթեոնի մուտքը փակ էր քաղաքացիների եւ լրագրողների համար: Անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս լրագրողներին վերեւ բարձրանալ՝ ասելով, թե հավատարմագրված չեք:

Երբ պաշտոնյաները հեռացան, «Եռաբլուրի» մուտքը բացվեց:

Հիշեցնենք, որ այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 65 տարեկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել