Այժմ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն կա, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։ Նա այս մասին հայտարարել է նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից առաջ:

Բերբոքն ընդգծել է, որ կողմերն էլ արդեն համարձակ քայլեր են ձեռնարկել՝ անցյալը հետևում թողնելու համար, գրում է dw.com-ը։

«Ծափահարում եմ Ձեզ և Ձեր կառավարություններին այս նպատակին հասնելու համար ցուցաբերած քաջության համար», - ասել է նա իր հայ և ադրբեջանցի գործընկերներին:

Բերբոքն ընդգծել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ են «իրական հանձնառություն և վճռականություն», և որ կովկասյան երկու պետությունների միջև համաձայնության հասնելը «դրական ազդեցություն կունենա նաև երկու երկրի սահմաններից դուրս» և «ուղի կհարթի Հարավային Կովկասում դեպի լավ ապագա և բարգավաճում»։

Գերմանիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Բեռլինը ցանկանում է բանակցություններում «առաջընթացի համար հարմար հարթակ» առաջարկել։

«Գերմանիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով և առանց ուժի կիրառման: Դրան հասնելու համար կարևոր է, որ երկու երկրի միջև խաղաղ բանակցություններն ավարտվեն որքան հնարավոր է շուտ», - ընդգծել է դիվանագետը։

Բեռլինում խաղաղության բանակցությունների շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի կեսերին Մյունխենի անվտանգության համաժողովում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ։ Շոլցը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն պատրաստ են լուծել իրենց տարաձայնությունները՝ առանց ուժի կիրառման։ Նա ողջունել էր երկու կողմի պատրաստակամությունը՝ առկա տարաձայնությունների և լուծում չստացած հարցերի լուծումը փնտրել «բացառապես խաղաղ և առանց բռնության կիրառման միջոցներում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել