Հայաստանն ու Ադրբեջանը, ցավոք, պատերազմի միջոցով, սակայն ի վերջո եկան խնդրի «ճիշտ լուծմանը» (չակերտները՝ Tert.am). Հայաստանը (և նրանք դա խոստովանել են) «օկուպացրել էր հինգ-վեց ադրբեջանական շրջան» (չակերտները՝ Tert.am). այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲելՏԱ-ն:

Նախագահը հիշեցրել է, որ ժամանակին ինքն իր կամքից անկախ միջնորդի դեր է կատարել Բաքվի և Երևանի միջև՝ փորձելով խաղաղ ճանապարհով լուծել տարածքային վեճը: Ըստ Բելառուսի ղեկավարի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի տարի ոչ միայն խաղաղ կարգավորման կոչ է արել, այլև հայկական կողմին նաև ֆինանսական աջակցություն է առաջարկել:

«Ես ակամա միջնորդ էի. Բաքվից գնում էի Երևան և ազդանշանները փոխանցում, ընդհուպ մինչև միլիարդավոր դոլարների ներդրում Հայաստանի տնտեսության մեջ: Ադրբեջանը հարուստ երկիր է, շատ առաջարկներ կային այդ հարցը բարեկամական ճանապարհով լուծելու համար: Այնուհանդերձ, նախորդ տարիներին Հայաստանի ղեկավարությունը չէր համաձայնում խաղաղ կարգավորմանը, և  խնդրահարույց հարցերը կուտակվում էին։ Այդ ամենը կուտակվեց և ջարդվեց  Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի, նրա կառավարության վրա։ Ընդհանրապես, նա քիչ մեղք ունի կատարվածի համար։ Բայց այս խնդիրը պետք է լուծվեր»,- ասել է Լուկաշենկոն։

Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես պատճառ չուներ ներքաշվելու հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:

«Դե, պատերազմեցին, մեր դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լիներ: Հայերը մեր մտերիմներն են, մեր հարազատները, իսկ Ադրբեջանն ինչ է՝ օտա՞ր է, դրա համար էլ հայտնվեցինք նման իրավիճակում: Եվ ՀԱՊԿ-ի համար ոչ մի պատճառ չկար ներքաշվելու այս հակամարտության մեջ, բացարձակապես ոչ մի պատճառ չկար»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել