Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարի լինել Կիևի ռազմավարական գործընկերը, եթե օգնության փաթեթ չտրամադրի։

Նա ԱՄՆ օգնությունը կենսական է համարել Ուկրաինայի համար՝ ընդգծելով, որ այլընտրանք չկա։ «Մենք մեծ հույս ենք կապում Կոնգրեսի դրական որոշման հետ, այս փաթեթը մեզ համար կենսականորեն կարևոր է: Մենք այսօր այլընտրանք չենք դիտարկում, քանի որ հույս ենք դնում ԱՄՆ-ի վրա՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ, որ նրանք կմնան ռազմավարական գործընկեր: Եթե խոսում ենք այլընտրանքի մասին, դա նշանակում է, որ դա մեր ռազմավարական գործընկերը չէ։ Ահա թե ինչու ես նման այլընտրանք չեմ դիտարկում»,- ասել է Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ուկրաինայի նախագահը հույս ունի, որ ԱՄՆ-ը կպահպանի դաշնակցային դիրքորոշումը Կիևի նկատմամբ։ 

«Չեմ կարծում, որ մեր ռազմավարական գործընկերը կարող է իրեն թույլ տալ չաջակցել Ուկրաինային»,– նշել է նա։

Զելենսկին նաև ասել է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցությունների երկու փուլ են անցկացրել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ։ «Անվտանգության երաշխիքների հետ կապված՝ մեր թիմերն աշխատում են, մենք բանակցությունների երկու փուլ ենք անցկացրել, վստահ եմ, որ շատ հզոր փաստաթուղթ կունենանք մեր գործընկերների հետ, բայց պայմանավորվեցինք, որ պետք է կենտրոնանանք այն ամենի վրա, ինչ պետք է հենց հիմա։ Ուստի մենք կենտրոնացած ենք ԱՄՆ Կոնգրեսի հետ աշխատանքի վրա, իսկ դրանից հետո կանցնենք անվտանգության երաշխիքներին»,- հավելել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել