Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ:
Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը:
Նիստի սկզբում վարչապետն իր խոսքում նշել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավագանու անդամ հանդիսացող հանրային ծառայողներին իրազեկել է, որ նրանք այլևս չեն կարող համատեղել հանրային ծառայողի և ավագանու անդամի կարգավիճակը: Մենք այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել: Կան տարբեր մեկնաբանություններ, դիրքորոշումներ, տեսակետներ, թե ինչպես պետք է առնչվենք այս թեմայի հետ»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևաչափն ամենահարմարն է այս հարցով ամբողջական և վերջնական եզրակացության գալու համար:
Օրակարգի հարցի շուրջ զեկույցներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:
Նախ զեկուցվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության ոլորտը կարգավորող իրավական կարգավորումների վերաբերյալ: Կարգավորումները սահմանված են «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով: Նշվել է, որ ներկայացված կարգավորումների վերլուծությունից բխում է, որ օրենքի առկա կարգավորումները հստակ սահմանում են արգելք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար, այն է՝ զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: 2022 թվականի օրենսդրական կարգավորումներով բացառություն է սահմանվել ավագանու անդամների համար, որոնց հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարագավորման ոլորտային համապատասխան օրենքներով: Արդյունքում՝ ստացվում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավահարաբերությունը պետք է դիտարկվի երկկողմանի, քանի որ նույն իրավահարաբերության մասով առկա է մի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքը, մյուս կողմից՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքները: Այսինքն՝ ավագանու անդամը, ղեկավարվելով ՏԻՄ օրենքով, կարող է զբաղեցնել որևէ նախարարությունում որևէ պաշտոն, բայց միևնույն ժամանակ՝ որևէ նախարարության պաշտոնյա պաշտոնը զբաղեցնելիս պետք է դիտարկի իր նկատմամբ սահմանվող սահմանափակումները՝ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, որով նաև արգելվում է զբաղեցնել որևիցե պաշտոն, այդ թվում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմիններում: Արդյունքում՝ 2022 թվականի փոփոխություններից հետո, առկա է օրենքների միատեսակ մեկնաբանման, որոշակիության և կիրառման խնդիր, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ վեր է հանել շահերի բախման իրավիճակներ և դեպքեր ու իշխանությունների տարանջատման սկզբունքի խաթարման ռիսկեր:
Այս հարցի կապակցությամբ վարչապետը նշել է. «Իմ զուտ քաղաքական ընկալումը հետևյալն է, որ ինչքան շատ մարդ ներգրավված լինի կառավարմանը, այնքան ավելի լավ ժողովրդավարության համար»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հակված է այն տեսակետին, որ ավագանու անդամները պետք է չլինեն հանրային ծառայող: Նիկոլ Փաշինյանի խոսքով, իշխանության մոնոպոլիզացիան վատ բան է, և եթե նույն շրջանակը և՛ հանրային ծառայող է, և՛ ավագանու անդամ, ապա ներգրավվածություն չի ապահովվում: «Մենք փոխանակ գնանք ներկայացուցչականությունը մեծացնելու ճանապարհով, գնում ենք ներկայացուցչականությունը փոքրացնելու ճանապարհով: Եվ այն ժամանակ, երբ խարտիան վավերացրել ենք, ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել և կողմ եմ քվեարկել խարտիայի վավերացմանը, և իմ ընկալումը եղել է այն, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- հավելել է Կառավարության ղեկավարը:
Խորհրդի անդամները, քննարկելով օրակարգի հարցը, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է, որ անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակը հանդիսանում է շահերի բախման կանխարգելումը, իշխանության տարանջատման զսպումների և հակակշիռների ապահովումը: Խորհրդի անդամները համակարծիք են եղել, որ համայնքի ավագանու անդամի անահամատեղելիության առկա պահանջները կարգավորող երեք օրենքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց միատեսակ մեկնաբանությունը և կիրառումը հնարավոր չէ: Ինչ վերաբերում է 2022 թվականի փոփոխություններին, ապա դրանք նպատակ են հետապնդել սահմանել առանձնահատուկ կարգավորումներ համայնքի ավագանու անդամի համար՝ դրա ոչ վճարովի լինելու հաշվառմամբ, սակայն հաշվի չեն առնվել հանրային ծառայության օրենքով ներդրված անհամատեղելիության պահանջների առկա ընդհանուր կառուցակարգերը:
Ներգրավվածության ապահովման շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև նշել է. «Բիզնեսն այսօր, որ բողոքում է, ամենաշատ տեղական ինքնակառավարման մարմիններից է բողոքում: Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են որևէ հարցի լուծում, թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը»: Կառավարության ղեկավարի խոսքով, եթե հարցերը վատ ձևով լուծվեն, ապա նաև էթիկայի կանոններ պետք է գոյություն ունենան, այդ էթիկայի կանոնների շրջանակում կարող են քննվել և հասկանալ՝ ավագանու անդամն էթիկայի կոռեկտության սահմանում է գործել, թե ոչ:
Ծավալված քննարկումների արդյունքում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամները եկել են մեկ ընդհանուր դիրքորոշման, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, հստակ սահմանել անհամատեղելիության կանոններն առանց տարընթերցումների հնարավորությունների՝ սահմանելով, որ այս պահին այն ավագանու անդամներին, ովքեր անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, պայմանականորեն ասած, համաներում է տրվում, հաջորդ պահից տեղի ունեցող բոլոր ընտրությունները տեղի կունենան՝ բացարձակ արգելք սահմանելով հանրային և պետական ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնողների համար:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել