Psymag.am-ը գրում է. 

Այսպես, թե այնպես մարդկանց միջև շփումներում գրեթե միշտ էլ առկա է մանիպուլյացիան: Միգուցե դա կապված է նրա հետ, որ մարդկանց միշտ էլ իրարից ինչ-որ բան է պետք, բայց միշտ չէ, որ մարդիկ պլանավորում են ստանալ պետքականը, առանց ոտնձգությունների դիմացինի շահերի կամ իրավունքների նկատմամբ: 
Այդուհանդերձ, կարևոր է տիրապետել որոշ հնարքների, որոնք կօգնեն պաշտպանվել միակողմանի շահավետություն հետապնդող մանիպուլյացիաներից: Հնարքները կարելի է օգտագործել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ բոլորը միասին: Այսպես,

Հնարք 1

Լոգիկա: Քանի որ մանիպուլյացիոն հաղորդագրություններում հիմնականում բացակայում է իմաստային կապը առաջին ու երկրորդ մասերի միջև, կարելի է բացատրել մանիպուլյատորին, որ իր արտահայտած մտքերի մեջ բացակայում են լոգիկան և իմաստային կապը: Երբեմն դա օգնում է:

Հնարք 2

Անհարմարություն: Երբեմն մանիպուլյացիոն միտքը հնչում է նաև բավականին տրամաբանական, բայց ունենում է թաքնված ենթատեքստ: Եթե դա նկատեք, ապա կարելի է մանիպուլյատորին դնել անհարմար դրության մեջ, իսկ դա կարող է շատ զավեշտալի զբաղմունք դառնալ:

Հնարք 3

Գնահատական: Սովորաբար մանիպուլյատորը վստահ չի լինում իր վրա, այլապես ի՞նչ իմաստ կա մանիպուլյացիայի: Իր վարքով նա փոձում է ապահովել իր համար իշխանություն շրջապատի նկատմամբ, չնայած, նրան ավելի շատ անհանգստացնում է իր անվտանգությունը: Հնարավորություն տվեք նրան զգալ իրեն ապահով և հարմարավետ, նշեք, որ հասկանում եք նրան, գնահատում և ընդունում այնպիսին, ինչպիսին կա, ու նրա մոտ կթուլանա մարդկանց խամաճիկ դարձնելու ձգտումը:

Հնարք 4

Արեք ձեր ընտրությունը: Մանիպուլյատորները հիմնականում փորձում են ազդել ձեր հույզերի վրա, ու դրանով ստիպել ձեզ անել որևէ գործողություն: Սակայն այն, որ մարդիկ ստիպում են մեզ զգալ այսպես կամ այնպես, իրականում միֆ է: Յուրաքանչյուրիս  զգացմունքներն ու հույզերը գտնվում են յուրաքանչյուրիս ներսում, ու ոչ ոք, բացի մեզանից, ի վիճակի չէ «միացնել» կամ  «անջատել» դրանք: Ձեզ վախեցնո՞ւմ են: Պատասխանեք ոչ թե վախով, այլ` հեգնանքով: Կպնում են ձեր թույլ տեղերի՞ն: Արձագանքեք զարմանքով: Ձեզ հանում են հունի՞ց: Հիշեք, որ դա ընդամենը հրավեր է, որը դուք կարող եք ընդունել, իսկ կարող եք նաև մերժել: Ոչ ստանդարտ արձագանքը կմտահոգի մանիպուլյատորին:    

Հնարք 5

Հասկացի՛ր ինքդ քեզ:  Յուրաքանչյուր ընտանիքում ընդունված է արձագանքել իրադարձություններին որոշակի կերպով: Մի ընտանիքում ընդունված է ծիծաղել ամեն ինչի վրա, մյուսում` հիասթափվել ու տխրել որևէ պատճառով կամ առանց դրա, իսկ երրորդում` բոլոր դժբախտություններում մեղադրել միայն իրենց ու կրակ թափել սեփական գլխներին: Երեխաները, ովքեր մեծացել են այդպիսի ընտանիքներում, ստանում են այդ «վարող» էմոցիան` որպես ժառանգություն: Նրանք հեգնելու են կամ տխրելու և տանջվելու են մեղքի զգացումից համեմատաբար ավելի շատ, քան մյուսները: Կարելի է ենթադրել, որ, երբ այդ երեխաները մեծանան, նրանք ավելի հաճախ են հանդիպելու մանիպուլյատորների, ովքեր խաղալու են հենց այդ «վարող» հույզի կամ զգացմունքի վրա: Այս ամենից եզրակացնելով` կարելի է խորհուրդ տալ հասկանալ, թե կոնկրետ ո՞ր էմոցիան են նրանք ժառանգել ծնողներից: Իսկ հետո վերադառնալ նախորդ կետին:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել