Կար մի մարդ Ֆրիդրիխ անունով, որը պարապում էր հոգևոր առարկաներով և տիրապեւոում էր բազմապիսի գիտելիքների: Սակայն նրա համար էական չէր, թե այդ գիտելիքը կամ միտքը ինչպիսին կլիներ, նա պարզապես սիրում էր մտածողության մի որոշակի եղանակ, իսկ մյուսներն արհամարհում էր և խորշանք ուներ նրանց հանդեպ: Այն, ինչը նա սիրում էր և ինչի նկատմամբ հարգանք էր տածում՝ տրամաբանությունն էր, այդ այնքան հրաշալի մեթոդը, և ապա միայն ընդհանրապես այն, ինչը նա «գիտություն» էր անվանում:
«Երկու անգամ երկու հավասար է չորսի»,– հոգու թրթիռով արտասանում էր նա,– «դրան եմ ես հավատում և այս ճշմարտությունից ելնելով միայն պետք է մարդուս միտքը գործի»:
Այն, որ մտածողության և ճանաչողության ուրիշ եղանակներ էլ կան, հազիվ թե անծանոթ էր նրան, բայց այդ ամենը «գիտություն» չէր, և նա դրանց ուշադրության չէր արժանացնում: Չնայած ազատամիտ էր, սակայն, կրոնի հանդեպ անհանդուրժողաբար չէր տրամադրված: Վերջինս գիտականության հետ լուռ համաձայնության աղերսներ էր հանդես բերում: Նրա գիտություն ասածը այս էլ քանի դար է համարյա ամեն ինչով զբաղվել է, այն ամենով, ինչը գոյություն ունի երկրիս երեսին և գիտական արժեք է ներկայացնում, բացառությամբ մեն-միակ առարկայի՝ մարդկային հոգու: Այս մեկը կամովին կրոնին զիջելը, հոգու վերաբերյալ նրա մտահայեցողական մարզանքները ինչ-որ չափով անլուրջ ընդունելը և, այնուամենայնիվ, այդ թողտվությունը, ժամանակի ընթացքում կարծես սովորույթ էր դարձել: Այսպիսով, կրոնի հանդեպ ևս Ֆրիդրիխն իրեն հանդուրժողաբար էր պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի էր այն ամենը, ինչը նա սնոտիապաշտություն էր համարում: Թող որ օտար, անկիրթ ու հետամնաց ժողովուրդները զբաղվել են դրանով, թող որ հնագույն ժամանակներում ինչ-որ միստիկական կամ մոգական մտածողություն է գոյություն ունեցել, բայց, այն պահից սկսած, երբ ի հայտ եկան գիտությունը և տրամաբանությունը, այդ հնացած ու կասկածելի գործիքների օգտագործումը այլևս իր իմաստը կորցրեց:
Այսպես էր նա ասում և այսպես մտածում, և երբ իր շրջապատում սնոտիապաշտության հետքեր էին աչքովն ընկնում՝ խիստ վրդովվում էր և այնպիսի զգացում էր ոէնենում, ինչպես եթե թշնամական մի բան իրեն դիպչելիս լիներ:
Հատկապես զայրանում էր, երբ այդօրինակ զբաղմունքի հետքեր նրան վիճակվում էր հանդիպել իր նմանների՝ կրթված այրերի շրջապատում, նրանց, ովքեր հավատարմագրված էին գիտական մտածողության սկզբունքներին: Եվ ոչինչ նրա համար այնքան ցավալի ու անտանելի չէր, քան այն ստոր ու անարգական դատողությունների կերպը, բացատրություններն ու արտահայտությունները, որ վերջին ժամանակներս երբեմն նույնիսկ բարձր կրթություն ստացած այրերի բերանից էր նրան վիճակվում լսել, այնպիսի արտառոց ու անհեթեթ մտքեր, ինչպես, օրինակ, այն մասին, թե «գիտական մտածողությունը» ըստ երևույթին մտածողության բարձրագույն, ժամանակից վեր կանգնած, հավերժական, նախասահմանված ու միակ հաստատուն եղանակը չէ, այլ բազմաթիվ ուրիշներից մեկը, ժամանակի մեջ սահմանափակ, փոփոխությունների ու կործանումի առաջ անպաշտպան: Այդ անպատկառ, կործանարար ու թունավոր միտքը առկա էր, անգամ Ֆրիդրիխը դա ի վիճակի չէր ժխտել, այն այստեղ էր ու այնտեղ, ամենուրեք, պատերազմի, կործանարար արհավիրքների ու սովի հետևանքով ողջ աշխարհին տիրած կարիքին դեմ-հանդիման, նախազգուշացում-հիշեցման պես ասես հանկարծակիորեն կյանքի կոչված, որպես հանճարեղորեն ասված մի իմաստուն խոսք՝ ճերմակ ու մերկ ձեռքով ողորկ պատին գրված:
Ինչքան ավելի շատ էր Ֆրիդրիխը տառապում, որ այդ միտքը գոյություն ուներ և կարողանում էր խորապես անհանգստացնել իրեն, այնքան ավելի էր թշնամանում նրա նկատմամբ և այդ մյուս կոչվածը, որ նրա մեջ զանազան տարակուսանքներ էր հարուցում, ինչ-ինչ ծածուկ հնարանքներով ավելի ու ավելի հոգեհարազատ ու ընդունելի էր դառնում իր համար: Սակայն, եթե ճշմարիտն ասելու լինենք, մինչև վերջին ժամանակներս իսկապես կրթյալ մարդկանց շրջաններում միայն շատ քչերն էին ծանոթ այդ նոր ուսմունքին, մի ուսմունք, որը եթե ծավալվեր և հզորանալու լիներ, հաստատապես կարելի է նկատել, որ երկրիս երեսին գոյություն ունեցող հոգևոր մշակույթի բոլոր բնագավառները կանգնեցնելու էր ոչնչացումի ու քաոսի վերածվելու սպառնալիքի առաջ: Բայց այժմ այն դեռ չէր հասցրել այդքան ծավալվել, և այն եզակի անձինք, որոնք բոլորին ի տես բացահայտորեն նման գաղափարներ էին քարոզում, դեռևս այնքան քչերն էին, որ նրանց հաճախ ընդունում էին որպես տարօրինակություններով օժտված և քմահաճ օրիգինալության մարմաջով տառապող անձնավորությունների: Եվ սակայն այդ թույնի ինչ-որ մի կաթիլը, նմանօրինակ մտածողության ճառագումները արդեն իսկ կարելի էր այս ու այնտեղ նշմարել: ժողովրդի մարդկանց և կիսով չափ կրթվածների շրջանում առանց այդ էլ տարածված էին ամեն տեսակ նոր ուսմունքներ, ծածուկ վարդապետություններ, աղանդներ ու հետևորդներ, դրանցով լի էր աշխարհը, ամենուրեք իրեն զգալ էր տալիս զանազան սնոտիապաշտությունների, միստիկ հավատալիքների, հոգիների պաշտամունքն և այլևայլ սևումութ ուժերի գոյությունը, նրանց, ում հաղթելու համար մեծ աշխատանք պետք է տարվեր, և, այդուամենայնիվ, նրանց կողքով գիտությունը, ասես զգացմունքի ինչ-ինչ գաղտնի թուլությունից դրդված, առայժմ մի տեսակ զգուշավոր լռությամբ էր անցնում:
Մի օր էլ Ֆրիդրիխը այցելեց իր բարեկամներից մեկին, որի հետ ժամանակին որոշ գիտական ուսումնասիրություններ էր կատարել: Այժմ նա այդ բարեկամին բավական երկար ժամանակ է չէր տեսել, հիմա այդպես էր պատահել, ինչ արած: Մինչ նա բարձրանում էր տան աստիճաններով՝ ջանում էր մտաբերել, թե երբ և որտեղ է վերջին անգամ իր այդ բարեկամի հետ միասին եղել: Ինչքան էլ նա սովորույթի համաձայն պարծենար իր հիշողությամբ՝ ոչինչ չէր կարողանում մտաբերել: Աննկատելիորեն դրա պատճառով նրա տրամադրությունը որոշակիորեն ընկավ և նույնիսկ մի տեսակ վրդովված տեսք ընդունեց, որից նա, բարեկամի դռան առջև կանգնած, մեծ ջանքերի գնով մի կերպ միայն ազատվեց:
Շարունակությունը՝ այստեղ