Հիմա ձայնիդ եմ անընդհատ սպասում,
Մարմինս զգում է, որ
Հեռացար հավերժ,
Դահիճ լռությունդ իր գործն է անում,
Ապրելս նույնիսկ մեկ լումա չարժե:
Արևամուտները անգույն են, դատարկ,
Լուսաբացները՝ սին ու ողբերգակ,
Օտար աչքեր են,
Ձայներ են դատարկ,
Մոլորակն էլ է դարձել սև, սպիտակ:
Ու պար են պարում աչքերիս առաջ
Ցնդած վհուկներ,
Մտքեր անհեթեթ,
Խելագարվում եմ պատկերացնելով
…Դո՞ւ ինչ որ մի տե՞ղ,
…Ինչ որ մեկի հե՞տ:
Քո հարսնաքողը թեքվել է գլխիդ,
Հազիվ է մնում մազերիդ կառչած,
Ատամներովդ շուրթերդ ես փնտրում՝
Հայացքով հենվում ապակուն սառած:
<Սեպը սեպով են հանում իմացիր>,
Սա էր քո վերջին խոսքը երեսիս,
Քրտնած ապակուն
Անզգա մատներով
Գրում ես.
<Ո՞ւր ես, ինչո՞ւ չես գալիս>:
Ինչ էլ որ եղավ այն չի մահանա,
Կմնա իմ մեջ,
Քո մեջ առհավետ…
Խելագարվում եմ պատկերացնելով
…Դո՞ւ, ինչ որ մի տե՞ղ
…Ինչ որ մեկի հե՞տ:
Սահեց հարսնաքողդ, գլխիցդ ընկավ:
Ես էլ եմ ընկնում չգիտեմ, թե ուր:
Ու պատռելով մութը խոնավ
Գալիք օրվա սփոփանքի,
Մոտենում եմ իմ երազի
Լեռնալանջի Կակաչին հեզ:
- Կանչեցի՞ր, եկա,
Ասա սիրելիս,
Ինչպե՞ս ներեմ քեզ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/528325047240469
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել