Lurer.com-ը գրում է.


Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Այս մասին Գավառ քաղաքում անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով օրերս Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին:

«Առաջին պատճառն այն է, որ մենք մի քանի անգամ հրապարակային, արձանագրված պայմանավորվցել ենք, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, ինչպես նաեւ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Սա նշանակում է մի պարզ բան, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունըճանաչում են այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է հայկական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը եւ Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը: Ալմաթիի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ խորհրդային միությունը փլուզվեց, պետությունները իրենք իրենց տարաածքներով ձեռք են բերում անկախություն եւ ադմինիստրատիվ սահմանները խորհրդային պետությունների միջեւ եղած դառնում են պետական սահմաններ»,- ասաց նա:

Փաշինյանը հավելում է, որ սա նշանակում է, որ սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այլ վերարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով:

«Այս պայմանավորվածությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արձանագրվել են եւ 2022 թվականի հոլտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման եւ արդյունքում ընդունված քառակողմ հայտարարությունում, եւ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ: Ինչու եմ հարված համարում վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որովհետեւ այն, ինչ նրանք ասում են ամենաբարձր մակարդակով ուղիղ հակասում է այս տրամաբանությանը եւ այս պայմանավորվածությանը: Չնայած, որ Ադրբեջանում նախընտրական շրջանն է, սա շատ կարեւոր նրբություն է, որը պետք է պարզաբանվի, ես կարծում եմ, որ որ այս հայտարարությունների պրակտիկ քաղաքական իմաստը պետք է պարզաբանվի»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ ի հեճուկս պայմանավորվածությունների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը, բացարձակապես անընդունելի է։

Վարչապետի խոսքով` Ադրբեջանից ասում են, որ մենք հասանք նրան, որ 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ արձանագրվի նաև «Զանգեզուրի միջանցք», և որ ՌԴ–ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։

«2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը չկա գրված։ Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ–ն ՀՀ–ի որևէ տարածքում կոմունիկացիայի որևէ անվտանգություն պետք է ապահովի։ Էլ չեմ ասում, որ երեք տարի է` Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթ է զարգացնում` հղում անելով եռակողմ հայտարարությանը։ Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև»,– հայտարարել է Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել