Hetq.am-ը գրում է․

Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։

«Սպարտակ» մարզադաշտը կառուցվել է խորհրդային տարիներին և պատկանում էր նույնանուն կազմակերպությանը։ «Սպարտակ» մարզական կազմակերպությունը ստեղծվել է 1935 թ.-ին որպես միութենական կամավոր մարզական միավորում։ Արդեն 1987 թ.-ին կազմակերպությունն ընդգրկել է Խորհրդային Միության 4 մարզական միավոր։ 

Նույն թվականին այն վերանվանվել է «Հայաստան» մարզական միություն և Հայաստանի անկախացումից հետո ստացել հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Այդպես է մինչ օրս։

Կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է «Սպարտակ» մարզական միության ամբողջ գույքը՝ Հայաստանում գտնվող մարզադաշտերը, մարզասրահներ և մարզադպրոցներ։ Դրանց մի մասը հետագայում առանց շահույթ ստանալու նպատակի փոխանցվել է համայնքներին։ Օրինակ՝ Աբովյանի և Արմավիրի քաղաքային մարզադաշտերը։ Եղել է նաև օտարում։ Վաճառվել է Երևանում գտնվող հեծանվավազքի դպրոց-համալիրը, որի տեղում 2015 թ.-ին վեր է խոյացել «Հիլթն» հյուրանոցը։

«Հայաստան» մարզական միության երկարամյա նախագահ Ռազմիկ Ստեփանյանին 2019 թ.-ին փոխարինեց ՀԿ-ի ենթակա կառույցներից մեկը ղեկավարած Սոկրատ Պետրոսյանը։ Կազմակերպության նախագահ դառնալուց ընդամենը 2 տարի անց նա ստորագրեց «Սպարտակ» մարզահամալիրը վաճառելու պայմանագիրը։ Մինչ այդ կազմակերպության ղեկավար մարմնի՝ 21 հոգուց բաղկացած նախագահության կազմն է փոխվում, և նախագահությանն իրավունք է վերապահվում ՀԿ-ի գույքը գրավ դնել։ ՀԿ-ի նախագահության կազմում է հայտնվում Սոկրատ Պետրոսյանի ծանոթ, «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արսեն Հովհաննիսյանը, որն էլ արտոնյալ պայմաններով ձեռք է բերում համալիրը։

«Հայաստան» մարզական ՀԿ-ի 2021 թ.-ի հուլիսի 14-ի արտահերթ ընդհանուր ժողովից մեկ ամիս անց կազմակերպության նախագահության կազմում հաստատված գործարար Արսեն Հովհաննիսյանը «Էվոկաբանկից» 1 միլիոն դոլար վարկ է վերցնում։ Որպես երաշխիք գրավադրվում է «Սպարտակ» մարզահամալիրը։ Համալիրը «Հայաստան» մարզական ՀԿ-ն սեփականաշնորհել է պայմանով՝ վաճառելու դեպքում Երևան համայնքին պետք է վճարեր սեփականաշնորհման պահի կադաստրային արժեքը՝ 500 միլիոն դրամ։ Մարզահամալիրի գրավադրումից հետո համայնքային բյուջե է վճարվում 500 միլիոն դրամը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել