Hraparak.am-ը գրում է.

Ոսկու գրավով բանկային գործարքները Հայաստանում ընդհանուր առմամբ համարվում են հուսալի։ Հայաստանցիները հիմնականում չեն անհանգստանում բանկերում որպես գրավ հանձնած ոսկու համար` այն հետ ստանալու ընթացակարգը հստակ է։ Յուրաքանչյուր կտորը հետ վերադարձնելու ժամանակ առանձին զննության է տրվում գրավատուին, ստորագրությամբ հետ ընդունվում։ Այլ է արցախցիների համար։ Բռնի տեղահանման օրերին նրանց ով ինչպես կարողացել, «քցել» է, անգամ բանկերը։ Արցախի քաղաքացի, ոսկերիչ Գրիշա Գասպարյանը 2023 թվին ոսկի էր գրավադրել «Կոնվերսբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղում, իսկ գումարը վերադարձրել է արդեն Երևանում` բռնի տեղահանումից հետո։ «Վստահելով բանկին, Կոմիտասի մասնաճյուղից ոսկիս հետ վերցրեցի, տարա տուն, բացեցի ցելոֆանի տոպրակը, տեսա, որ մեջը երկու կտոր «բիժու» են դրել՝ իմ սարքած բրիլյանտով մատանու տեղը չինական խաղալիք, ոսկու ցեպս էլ փոխած` ոսկի չէր», - պատմում է Գրիշա Գասպարյանը: Իսկ ինչու տեղում չեք ստուգել զարդերը, ասում է, որ մտքով չէր անցնի, թե նման խարդախություն կանեն։ Թվում է, հայաստանյան գլխամասը պատասխանատու է Արցախի մասնաճյուղի համար եւ բանկն ինքը պետք է շահագրգռված լինի օգնելու դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին, շտկելու միջադեպը։ Սակայն՝ ոչ։ 

Երբ Գրիշա Բալասանյանը գնացել է Կոմիտասի մասնաճյուղ, պատմել է իր հետ կատարվածը, նրան «չորով ուղարկել» են, ասելով, որ ուր ուզում է կարող է դիմել` իրենք ոչնչով օգնել չեն կարող։ «Կարծում եմ, խառը վիճակում Արցախի բանկի աշխատողներն են հարամություն արել, բայց գոնե կամերաները բացեին, նայեին, ինձ ցույց տային, դա կարո՞ղ էին անել», - հարցնում է թալանված գործարարը։

Մենք դիմեցինք «Կոնվերսբանկ», ներկայացրեցինք գրավադրման բոլոր փաստաթղթերը, խնդրեցինք պարզել, թե ինչ է կատարվել, ով է թալանել քաղաքացուն։ Ստացանք ձևական պատասխան․ «Բանկը միշտ աշխատել և աշխատում է օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, այդ թվում՝ գրավադրման ժամանակ ոսկյա իրերի տոպրակները կնքվում և ստորագրվում են հաճախորդի կողմից, իսկ վերադարձի ժամանակ բացվում են վարկառուի ներկայությամբ: Բանկը գրավադրված իրերը բոլոր հաճախորդներին հանձնում է համապատասխան ակտերը ստորագրելուց հետո, որով հավաստվում է, որ հաճախորդը ամբողջովին ընդունում է իրեն հանձնված իրերի իսկությունը, ամբողջականությունը և համապատասխանությունը: Կոնկրետ այս դեպքում ևս բոլոր ընթացակարգերը ապահովվել են», - ասաց բանկի աշխատակից Շուշանիկ Միրզոյանը։

Բայց եթե մարդուն իրոք հանձնել եք իր ոսկեղենը, ինչո՞ւ չեք ներկայացնում դրա տեսագրությունը, որ համոզվի` ստացել է ոսկին, իսկ գուցե նրան Արցախի մասնաճյուղում են թալանել, խոսե՞լ եք մասնաճյուղի աշխատողների հետ։ Այս հարցերին արդեն ոչ թե ձևական պատասխան տվեցին, այլ ասացին` գրավոր հարցում ուղարկեք։

Ո՞ւմ և ի՞նչն է քողարկում «Կոնվերսբանկը»։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել