Մյասնիկյան պողոտայում առկա է շուրջ 25 հեկտար կանաչապատման, անտառապատման ենթակա տարածք մինչեւ Կենդանաբանական այգու մոտակայքը: Այս մասին, այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքներն ազատելու եւ կանաչապատում իրականացնելու հնարավորության հարցին:
«Այստեղ մի քանի խնդիր ենք առանձնացրել. Առաջինը, տարածքում առկա են հողազավթման դեպքեր, այնտեղ ցանկապատված են տարածքներ, որոնց վրա շինություններ չկան: Դրանց հարցը հեշտ լուծելի է: Դրա հետ մեկտեղ 8 անձի կողմից ինչ-որ շինություններ կան կառուցված եւ 8 ընտանիք Մյսնիկյան պողոտային հարող մասում բնակվում է: Նաև Լվովյան փողոցի կողմից շենքեր կառուցելու ժամանակ այնտեղ բավականին բազալտե մեծ քարեր են կուտակվել, որը շինարարին պետք է խնդրենք, որ տեղափոխի:
Հաջորդը հարցը տարածքի սանիտարական մաքրումն է, այդ տարածքներն ամբողջովին ամայի են կամ չորացած ծառերով պատված:
Երրորդ խնդիրը ոռոգման ջրի խնդիրն է, որը նույնպես լուծելի է: Կազմակերպությունն ի զորու է այդտեղ իրականացնելու թե սանիտարական մաքրման աշխատանքները, թե ոռոգման ջրագծերի անցկացման ու բաշխման աշխատանքները:
Ծառատունկը հնարավոր կլինի իրականացնել կամ այս տարի աշնանը կամ հաջորդ տարի գարնանը»,-ասաց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ զավթված տարածքների դարաշրջանն արդեն ավարտվել է. «Մենք այլևս չենք հանդուրժելու, այսպես ասած, «բախչաները», «քոլիկները» և ապօրինի շինարարությունները: Մենք քննարկելու ենք օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք էլ ավելի են բարդացնելու նմանատիպ տարածքների զավթումը: Ինձ համար մեծ տարբերություն չկա համայնքային բյուջեից են փող գողանում, թե՝ համայնքային հողերն են գողանում: Դա նույնն է: Այդտեղ բանակցելու շատ լայն դաշտ չունենք: Այդտեղ ունենք գործելու դաշտ, եւ համապատասխան վարչությունների հետ պետք է քննարկել եւ տարածքները ազատել: Տասնամյակներով կանաչ ֆոնդը նվազել է նաեւ նմանատիպ գործողությունների հաշվին: Հիմա կանաչ ֆոնդի վերանակնգնման ժամանակաշրջանն է, պետք է խնդրեմ անդնել ակտիվ գործողությունենրի»,- ասաց Տիգրան Ավինյանը: