Թաիլանդական ավանդական թատրոնը և բալետը հայտնի են իրենց յուրատիպությամբ, արտասովոր ու զարմանալի ձևով: Հին Սիամի ավանդույթների շարունակումը ժամանակակից աշխարհում հին սովորությունների ամրապնդման փորձ է: Թաիլանդական պարուհիները բավականին դժվար առաջադրանք են իրենց վրա վերցրել. նրանք փորձում են վերածնել հին ճարտարապետության ու նկարների մեջ դարերով արձանագրված իրադարձություններն ու հերոսներին: Դրա շնորհիվ հին թագավորությունների մանրակրկիտ պատմությունը պահպանվել է ավանդական պարերի մեջ:
Նախկինում արվեստի այս մասը գտնվում էր արքայական ընտանիքի հովանավորության ներքո: Պատմությունը ներկայացնելը բավականին բարդ է: Ակրոբատական շարժունակությունը և թեթևությունը, որն անհրաժեշտ է Թաիլանդի անցյալը ներկայացնելու համար, պարողները սովորում են երաժշտության ու թատրոնի ազգային դպրոցում: Որպես կանոն, գոյություն ունի թատերական ներկայացման երկու հիմնական ձև`
- Խոն` դիմակներով դասական պար, որը Թաիլանդի արվեստի նրբաճաշակ ուղղություններից մեկն է: Ներկայացումների թեմաները հիմնվում են Ռամայանի` ազգային էպոսի սյուժեների վրա: Վառ հագուստներով ու ֆանտաստիկ դիմակներով դերասանների ցանկացած ներկայացում ունի երջանիկ ավարտ: Ընդ որում` բեմադրության ամբողջ ընթացքում, որը տևում է մոտ 5 ժամ, հանդիսատեսը «կարդում է» սյուժեն հերոսների շարժումներից ու ժեստերից:
- Լակհոն` բեմադրություն, որը խաղում են առանց դիմակների: Այն, փաստորեն, թաիլանդական բալետն է: Այսպիսի բեմադրություններ կարելի է տեսնել որոշ հայտնի ռեստորանների բեմերի վրա: Լակհոնի նրբագեղությունը հիմնականում կապված է պարուհիների հմայքի հետ, վերջիններս հանդես են գալիս վառ ու ոսկեզօծ հանդերձներով: Այս ներկայացումներում մեծագույն նշանակություն ունի հայացքների ու ժեստերի խաղը:
Անգելինա Գաբրիելյան