Հարևանուհիս` Երանը, ութսունն անց կին էր, բայց շատ աշխույժ, ձեռ-ոտով:
Մի օր դուրս է գալիս տնից, որ գնա խանութ, փողոցը անցնելու ժամանակ մի մեքենա հարվածում է, ու Երանը վայր է ընկնում: Մեքենայի տերը Երանին տանում է հիվանդանոց. զննում, տեսնում են, որ կոտրվածք չկա, ուղղակի հարվածից կոնքի մասում կապտուկ էր առաջացել ու մեկ էլ դեմքը մի քիչ արյունոտվել: Խորհուրդ են տալիս տանել տուն ու պառկեցնել:

Երբ Երանի աղջիկները տեսնում են կատարվածը, դառնում են ձյութ ու ծամոն ու կպչում այդ վարորդից` Վաչոյից: Մորը սովորեցնում են, որ ծանր տնքոց հանի, ու պահանջ է, որ ներկայացնում են Վաչոյին, այլապես գործ կհարուցեն ոստիկանությունում: Վաչոն ամեն օր տոպրակներով ուտելիք է բերում, փող խոստանում, վնասի հատուցում, միայն թե ոստիկանություն չդիմեն: Աղջիկները մտածում են` ոնց անեն, որ հնարավորինս շատ բան պոկեն Վաչոյից ու մի օր Վաչոյին առաջարկում են, որ իրենց մոր համար գերեզմանի քար պատվիրի ու ոչ միայն մոր, այլև հոր նկարն էլ վրան լինի, քանի որ հայրն էլ արդեն քսան տարի մահացած է, բայց վրան քար չկա քաշած:


Այդ ընթացքում Երանն այնքան էր լավացել, որ անկողնում պառկելով հոգնել էր: Մի օր երբ աղջիկները տանը չէին, նա իջավ մահճակալից, տեսավ` նորմալ քայլում է, դուրս եկավ տանից ու դռան առաջի նստարանին նստեց: Այս պահին Վաչոն ամեն օրվա նման տոպրակները լիքը եկավ ու Երանին նստարանի վրա նստած բռնացրեց:
Երանը, տեսնելով Վաչոյին, շփոթվեց ու ինչպես աղջիկներն էին սովորեցրել, սկսեց տնքտնքալ...
Վաչոն գլխի ընկավ` ինչ է կատարվում, տոպրակները դրեց Երանի կողքին ու շուռ եկավ:
-Ախր ո՞ւր էս էթալի, քարը սարքիլ էս...

- Չէ, դեռ չեմ պատվիրել, եկել էի ձեր ողջ տոհմի ու աղջիկներիդ նկարն էլ տանեի, որ մեկից բոլորինը մեկտեղ գերեզմանաքար սարքել տայի:

Վաչոն գնաց ու այդ պատուհասած փորձանքից այդպես էժան պրծավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել