Նորություն չէ, որ ամեն երեխայի ծնունդի ժամանակ ասում են. նա էլ հայտնվեց մեղավորների աշխարհում: Մյուս կողմից էլ, ասվածի մեջ կարծես հակասական ինչ-որ բան կա. չէ՞ որ այդ մի աշխարհն է ընդամենը, բա ուրիշ ո՞ր աշխարհում կարող էր հայտնվել նա: Փորձենք հասկանալ. այստեղ իրոք հակասություն կա՞, թե՞ ոչ, եւ եթե կա, ապա ինչո՞ւմն է կայանում այն: Ժամանակի առանցքը յուրաքանչյուր մարդու համար կարելի է բաժանել երեք անփոփոխ ժամանակահատվածի. մինչեւ նրա ծնունդն ընկած, նրա ապրած եւ մահից հետո ընկած ժամանակահատվածները: Մի պահ կարող է վերացական թվալ, թե մինչեւ մարդու ծնունդը կամ նրա մահից հետո ընկած ժամանակահատվածներն ի՞նչ կապ ունեն նրա հետ: Իրականում, այստեղ վերացական ոչինչ չկա, քանզի պատահական չէ, որ նույնիսկ առօրյա խոսակցությունների ժամանակ են հաճախ հնչեցվում հետեւյալ մտքերը. մինչ այսինչ մարդու ծնունդը կամ այս մարդու մահից հետո: Հետեւաբար, դրանք լոկ բառեր չեն, այլ հաստատումն են այն բանի, որ մարդը` եւ մինչեւ իր ծնունդը, եւ մահից հետո այսպես, թե այնպես որոշակիորեն կապված է մարդկային կյանքի առանցքի հետ, որոնց հավաստումը ժառանգականությունն ու մահից հետո հոգու հավիտենությունն են:
Այլ խոսքով, այնպես չէ, որ մարդը որեւէ կապ չի ունեցել մինչ իր ծնունդն ընկած ժամանակահատվածի հետ եւ պատահականորեն` ամեն ինչից անկախ ծնվում է եւ նույն կերպ, մահանալով` լիովին վերջանում է: Եթե պայմանականորեն դասակարգենք ժամանակի առանցքը, ապա առաջին եւ երրորդ ժամանակահատվածները կարելի է պայմանականորեն անվանել անմեղության ժամանակահատվածներ, որոնք ուղղակիորեն չեն դիտարկվի եւ ինչ-որ իմաստով դուրս կմնան մեր հետագա ասելիքից: Այստեղ խոսք կգնա միայն երկրորդ ժամանակահատվածի մասին: Եթե հստակ ներկայացնենք, թե այսօր ինչ է տեղի ունենում Հայաստանում, ապա դրանից պարզ կդառնա, թե ամեն երեխա ծնվելով իրականում ուր է հայտնվում: Երեխայի գիտակցության ձեւավորման պահից սկսվում է նրա ուղղակի փոխհարաբերությունը մեղավոր մարդկանց հետ, որով սկիզբ է դրվում այդ երկու` անմեղ եւ մեղավոր դաշտերի հաղորդակցությանը: Եթե երեխաների նկատմամբ ծնողների կողմից չլինի չափազանց մեծ ուշադրություն, եւ չզսպվեն մեղավոր դաշտից դեպի նրանց եկող հոսքերը, ապա այդ երեխաների` համարյա դատարկ դաշտերը միանգամից կլցվեն բազմաթիվ մեղքերով, քանզի դրանք միշտ ավելի ակտիվ են եւ արտաքին էֆեկտներով` էապես ավելի գրավիչ ու գայթակղիչ:
Այստեղ բնական հարց է առաջանում. արդյո՞ք որեւէ մեկին բարոյական իրավունք է տրված անմեղ երեխաների դաշտը լցնել մեղքերով` նրանց զրկելով մաքուր դաշտում ապրելու հնարավորությունից, որտեղ նրանք հնարավորություն կունենային արժանապատիվ եւ նորմալ կյանք կառուցել: Ոչ եւ հազար անգամ ոչ: Սակայն, այս պատասխանից եւս բնավ չի բխում, որ չափազանց ցավոտ այս հարցում առանց մեծ ջանքերի կարելի է ակնկալել նորմալ արդյունք: Չէ՞ որ օր օրի երկիր մոլորակի վրա ընդլայնվող մեղքերի օվկիանոսը` որպես արհեստական գոյացություն, աստիճանաբար խախտում է բնական օրինաչափությունների դաշտը, որը եկող սերունդներին էապես դժվարացնում է` կյանքի նորմալ ճանապարհ ուրվագծելու եւ անցնելու հնարավորությունը: Լսեք, կյանքում ոչ մի արժեք չստեղծած, ամեն ինչ պղտորած, ամեն ինչ փչացրած այրեր. ո՞րն է ձեր նպատակը, դուք ի՞նչ եք ուզում այս կյանքից: Մի՞թե ձեզ թվում է, որ դուք հավերժ եք եւ ձեզ պատկերացնում եք անմահի կարգավիճակում: Լսեք եւ ձեր ականջներին օղ արեք. շատ փողը անմահության հետ ընդհանրապես կապ չունի: Այնպես որ, եթե ձեր կեղտոտ փողերով պղտորում եք ձեր շուրջը, ապա դրանով պղտորում եք նաեւ ձեր ապրած վայրը, ձեր անցնելիք ճանապարհը եւ առաջին հերթին փշեր եք սփռում հենց ձեր երեխաների ճանապարհին: Մի՞թե այն աստիճան եք կուրացել եւ կորցրել ձեր խիղճը, որ անմեղ երեխաներին էլ չեք խղճում ու նրանց եւս անխղճորեն վարակում եք` ձեր անբուժելի ախտով: Այն, ինչ դուք եք անում` գողանալ, թալանել, սպանել, հոշոտել, ոչնչացնել, թունավորել, խաբել, ստել, գործազուրկ դարձնել, արտագաղթ պարտադրել, առավոտից երեկո անբարոյականությամբ զբաղվել եւ այդպես շարունակ, դրանք բոլորն էլ դատապարտելի արարքներ են: Իսկ այն, ինչ անում եք նաեւ անմեղ երեխաների նկատմամբ, լիովին դուրս է մարդկային երեւակայության բոլոր սահմաններից:
Ինչպե՞ս կարելի է վարվել ձեզ հետ, որպեսզի դուք` գոնե մի ակնթարթ կանգ առնեք, մտածեք ու հասկանաք շատ պարզ մի իրողություն. բոլոր մարդիկ էլ հավասարապես մարդ են, բոլոր երեխաներն էլ հավասարապես երեխա են: Ինչպե՞ս կարելի է անընդհատ թալանել ու թալանել, ամեն ինչ պղտորել` առանց վայրկյան մտածելու, որ այդ ամենն առաջին հերթին իրենց անմիջական, չափազանց բացասական ազդեցությունն են թողնում հենց ձեր երեխաների վրա: Ինչո՞վ են մեղավոր սրբության սրբոց երեխաները, որ լույս աշխարհ գալով հայտնվում են այսպիսի ապականված աշխարհում, որի միակ մեղավորը դուք եք: Մի՞թե կշտանալու կամ հագենալու զգացումը լրիվ կորցրել եք: Չէ՞ որ դրանով` լրիվ կորցնում եք նաեւ ձեր ինքնատիրապետումը, որից հետո դառնում եք անկանխատեսելի եւ շրջապատի, եւ մարդկության, հետեւաբար նաեւ` ձեր բարեկամ-հարազատների, ինպես նաեւ` հենց ձեր ընտանիքի անդամների համար: Այդ դեպքում ո՞րն է ձեր թալանած փողերի իմաստը եւ դրանց հետագա ճակատագիրը: Էլ չեմ ասում այդ թալանի ճանապարհին ձեր գործած բազմաթիվ մեղքերի մասին, որոնք ուղղակիորեն դրոշմվում են հենց ձեր երեխաների հոգիներում, որի մասին դուք տեղյակ չեք լինում պարզ պատճառով. ոչ ժամանակ եք ունենում, ոչ էլ ցանկություն` դրանց մասին մտածելու:
Այսքանից հետո. ի՞նչ պետք է անեք նման փողերը, ինչպե՞ս պետք է շարունակեք տնօրինել եւ օգտագործել այդ փողերը: Երբեւէ` գեթ վայրկյան մտածե՞լ եք սրա մասին: Թե՞ մտածելուց ձեր գլուխները ցավում են: Այս հարցերի համար դուք հաստատ սպառիչ պատասխաններ չունեք եւ ձեզ միայն մի ճանապարհ է մնում. ուղղակի պարտավոր եք ուտելիքի փոխարեն` այդ փողերն ուտել: Այստեղ էլ առաջանում է հարցերի հարցը. արդյո՞ք այդ դեպքում կկշտանաք: Պատասխանը միանշանակ է. իհարկե ոչ: Որպեսզի կշտանաք, դուք մի ճանապարհ ունեք. պետք է ինքներդ ձեզ ուտեք: Այնպես որ, մեղավորներ փնտրել պետք չէ: Դուք եք ընտրել այս ճանապարհը եւ ամեն ինչ անում եք, որպեսզի անմեղներին եւս տեղավորեք նույն այդ դաշտում…



