Lurer.com-ը գրում է.

Փակ շուկայի շենքը շահագործման է հանձնվել 1952 թվականի ապրիլի 28-ին։

Այսօր այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Շենքի վերակառուցման թեման վերջին շրջանի հայկական լրահոսի թերևս ամենաշահարկված թեման է: Մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ համարելով, որ խաթարվում է ճարտարապետական հուշարձանի տեսքը։ Մյուս կողմից` կազմակերպվել են ակցիաներ, որոնց մասնակիցները կողմ են արտահայտվել շուկայի վերագործարկմանը՝ նոր տեսքով:

Խնդիրը դարձել է հասարակական լայն քննարկման առարկա, սակայն շինարարությունը շարունակվում է, որովհետև Մշակույթի նախարարության Հուշարձանների պաշտպանության գործակալությունը տվել է համապատասխան եզրակացություն: Տարածքի ներկայիս սեփականատերը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, դժգոհություն է հայտնել Փակ շուկայի հետ կապված դեպքերին լրատվամիջոցների արձագանքից: «Ես վատ բան չեմ անում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը: Վերջինս դժգոհել է լրագրողներին, որ իր կատարած լավ ու բարի արարքները չեն լուսաբանվում, և ասել. «Մի օր խիղճը կգա, ձեզ կխեղդի, ճիշտը կգրեք»:

Lurer.com-ը ևս մանրամասն լուսաբանել է շուկայի հետ կապված իրադարձությունները, հանդես եկել դեպքերի լուսաբանմամբ և մեկնաբանություններով: Քանի որ Ազգային ժողովում Սամվել Ալեքսանյանն առաջարկում էր գնալ և ներկայացնել իր արած նաև լավ գործերը, մենք որոշեցինք, ելնելով հարցի համակողմանի և չեզոք լուսաբանման մեր սկբունքից, գնալ և տեղում ծանոթանալ Փակ շուկայի ներկայիս վիճակին:

Կառույցի առջևի մայթերը վերանորոգման էին ենթարկվում: Շինարարները նշեցին, որ տարածքի բարեկարգման աշխատանքները պատվիրել է Փակ շուկայի տնօրինությունը: Երբ շուկայի աշխատակիցներից մեկին ներկայացանք որպես լրագրողներ, նա համաձայնվեց ցույց տալ տարածքում ընթացող շինարարությունը: Շուկայի աշխատակիցը չնշեց իր անուն-ազգանունը, բայց ասաց, որ պատրաստ է ուղեկցել մեզ: Եղանք ավտոկայանատեղիում, որտեղից շարժասանդուղքով մուտք էր բացված դեպի շուկա: Կառուցված էին ավտոմեքենաների առանձին` ելքային և մուտքային ուղիներ:

Նկարահանումներ կատարեցինք նաև շուկայի ներսում: Մեր հարցին, թե ինչու շուկայի փոխարեն կառուցվեց սուպերմարկետ, շինարարները մեզ ուղեկցեցին տաղավարների մոտ, որոնք մեծ թիվ էին կազմում և բավականին ընդարձակ էին: Այդ տարածքը հենց շուկայի համար է նախատեսված: Շինարարներից մեկը պնդեց, որ շուկայի աշխատակիցների թիվն անհամեմատ ավելին է լինելու, քան եղել է նախկինում: Նախկին աշխատակիցները կշանունակեն աշխատել նորակառույց Փակ շուկայում: Ի դեպ, կառույցն անվանափոխության չի ենթարկվելու, շարունակելու է կրել հին անունը՝ Փակ շուկա:

Հարցրինք նաև ճարտարապետական տեսքի խաթարման մասին: Մեզ ցուցադրեցին շենքի ճակատի վերականգնված և մաքրված մասերը, որոնք տարիների ընթացքում մաշվել և խամրել էին: Այժմ դրանք թարմացված են:

Հարց ուղղեցինք կառույցի ճարտարապետության անբաժանելի մասը համարվող չուգունե դարպասների մասին: Տեղեկություններ կային, որ Սամվել Ալեքսանյանը դրանք փոխարինել է ալյումինե կոնստրուկցիաներով՝ խաթարելով շենքի ճարտարապետական տեսքը: Սակայն մենք կարողացանք տեղում նկարահանումներ կատարել և հավաստիանալ, որ չուգունե կոնստրուկցիաներն իրենց տեղում են և շարունակելու են ծառայել բուն նպատակին:

Մենք այս հարցի շուրջ մշտապես փորձել ենք ներկայացնել համակողմանի, անաչառ լրահոս: Այժմ ներկայացրինք իրականությունը շուկայի ներսում ընթացող շինարարության մասին:

Կից ներկայացնում ենք մեր ֆոտոռեպորտաժը` մնացածը թողնելով ընթերցողի դատին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել