1in.am-ը գրում է.

Երեկ տեղի է ունեցել ՀՀ Գրողների միության նախագահության նիստ, որի ժամանակ նախագահության 21 անդամների կողմից Գրողների միության նախագահի պաշտոնակատար է նշանակվել արձակագիր, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը, ով մինչ այդ ՀԳՄ առաջին քարտուղարն էր: Առաջիկայում կստեղծվի հանձնաժողով, որը կորոշի հաջորդ համագումարի տեղը, օրն ու ժամը, որի ժամանակ էլ կընտրվի միության նոր նախագահը:

Այս համագումարի ընթացքում երիտասարդ գրողները, գրականագետները որոշիչ դեր կունենան և չեն գործի, այսպես կոչված, «պոչի» տրամաբանությամբ: Նրանք կփորձեն ավելի կարևոր հարցեր լուծել թե՛ միության նախագահի ճիշտ ընտրությաւն, թե՛ միության կառուցվածքի առումով: Մեր դիրքորոշումն այս պահին համագումարում ավելի ներկայանալի լինելն է, ավելի պատասխանատու և ավելի շահագրգիռ, քան նախորդ տարիներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գրողների միության անդամ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: 

Հարցին՝ միության նախագահի պաշտոնում արդյոք չպե՞տք է լինի սերնդափոխություն, Արքմենիկ Նիկողոսյանը նկատեց, որ Գրողների միության նախագահի պաշտոնում սերնդափոխության խնդիր չպետք է լինի միայն տարիքի պատճառով՝ ինչ-որ տարիքում մարդուն փոխարինելու գա ինչ-որ երիտասարդ միայն նրա համար, որ ինքը 30 տարեկան է:

«Իմ կարծիքով՝ սերնդափոխությունը պետք է կատարվի ոչ թե տարիքի հետ կապված, այլ աշխարհայացքի, աշխատանքի հանդեպ պատասխանատվության, աշխատանքի հանդեպ վերաբերմունքի: Այս առումով այս անգամ, կարծում եմ, հաստատ սերնդափոխություն կլինի»,-վստահեցրեց գրականագետը:

Արդյոք պե՞տք է Գրողների միություն՝ հարցին Արքմենիկ Նիկողոսյանը պատասխանեց՝ միանշանակ պետք է, քանի որ բոլոր գրողների երազանքը բոլոր դարերում եղել է ստեղծագործական միություններ, նման միավորումներ ունենալը: Այլ հարց է, որ խորհրդային շրջանում ինչպես կուսակցությունն էր մեկ, այնպես էլ գրողների միությունը:

«Հիմա փառք Աստծո, ոչ միայն ՀԳՄ, այլև տարբեր գրական միավորումներ կան, պարզապես գրողների միության քաղաքականությունը՝ նոր նախագահի գլխավորությամբ, այնպիսին պետք է լինի, որ միությունը հասկանա՝ դաշտում ինքն արդեն միակը, դոմինանտը չէ, և վարի այնպիսի քաղաքականություն, որ մարդիկ շահագրգռված լինեն անդամակցելու միությանը, աշխատելու այնտեղ: Այնպես որ՝ որպես կառույց, այն անհրաժեշտ է, պարզապես իր գործառույթներն այսօր ճիշտ չեն ուղղորդվում»,- հավելեց Արքմենիկ Նիկողոսյանը:

ՀԳՄ նախագահի պաշտոնում այս պահին շրջանառվում և քննարկվում են Էդվարդ Միլիտոնյանի, Կարինե Խոդիկյանի, Զորի Բալայանի անունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել