1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածի, հայտարարել է, որ Բաշար Ալ-Ասադի վրայից չի հանում քիմիական հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է The Independent թերթը:

Պուտինի հոդվածը հայտնվեց այն բանից հետո, երբ Օբաման հաղորդեց Սիրիային հարվածելու վտանգը չեղյալ հայտարարելու մասին: Ռուսաստանի նախագահն այդ որոշումն անվանեց «նոր հնարավորություններ, որոնք թույլ կտան խուսափել ռազմական գործողություններից»:

Մի քանի ժամ անց Օբաման ելույթ ունեցավ ազգային հեռուստատեսության եթերով և հայտարարեց, որ կդադարեցնի Սիրիայի հարցով բոլոր գործողությունները, որպեսզի Մոսկվան կարողանա ավարտել Սիրիան զինաթափելու իր դիվանագիտական նախաձեռնությունները:

Սակայն Օբաման շարունակում է պնդել, որ հենց սիրիական վարչակարգն է պատասխանատվություն կրում գազային հարձակման համար, որի հետևանքով զոհվեց ավելի քան 1400 մարդ: Նրա խոսքերով՝ ամերիկյան զինվորականները, ինչպես նախկինում, պատրաստ են հարվածել Սիրիային ցանկացած պահի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել