Մինչ ՔՊ-ն ջանում է երկիրը դրսում լավ գնով խուրդել՝ պահպանելու համար սեփական իշխանությունը, ներսում փող խուրդելու, մարդկանց շահագործելու ու թալանի մասշտաբային ռեկորդներ է շարունակում սահմանել իշխանությունների սրտի «Վիվառոյի Վիգենը» (անձնագրով՝ Վիգեն Բադալյան). վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում խաղամոլությունը վերջին տարիներին երկրաչափական պրոգրեսիայով է աճել՝ մի կողմից՝ լցնելով Վահե և Վիգեն Բադալյանների գրպանները, մյուս կողմից՝սնանկացնելով ու դժբախտացնելով «Vbet»-ի թարթափն ընկած հանրությանը:
Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ մասշտաբների ու ինչ կարգի փողերի մասին է խոսքը, բավական է ընդգծել, որ համաձայն ֆինանսների նախարարության տվյալների՝ վերջին տարիների ընթացքում բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունված խաղադրույքների ծավալների վերաբերյալ տվյալներն այսպիսին են՝ 2017-ին՝ 138,5 միլիարդ դրամ, 2018-ին՝ 333,6 միլիարդ, 2019-ին՝ 1,1 տրիլիոն, 2020-ին՝ մոտ 2 տրիլիոն, 2021-ին՝ 3,9 տրիլիոն դրամ, 2022-ին՝ ադրեն 8,5 տրիլիոն: Ինչ վեաբերում է 2023-ին, ապա կոնկրետ տվյալներ դեռևս չկան, սակայն դատելով ամենայնից՝ այս տարի ևս աճն աննախադեպ կլինի:
Իշխանությունները, թվում է, փորձում են պայքարել սրա դեմ: Օրինակ՝ վերջին նախագիծը պարտադրում էր, որ քաղաքացին պիտի կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից և իրեն պատկանող հաշվի միջոցներից: Ասել կուզի՝ խաղամոլը չի կարող ասենք սեփական կնոջ կամ զոքանչի հաշվին հարստացնել «Վիվառոյի Վիգենին»:
Բայց արդյոք նմանատիպ քայլերը կանգնեցնելո՞ւ են «Վիվառոյին», որի տերն այսօր Հայաստանում դե ֆակտո Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ում եկամուտներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով՝ փշրելով նախկինում այլոց կողմից գրանցված բոլոր ռեկորդները:
Մեր Գնդլիկ-բոքոնիկը մի կողմից հայերին է թալանում, մյուս կողմից ամբողջ օրը զբաղված է շեյխերի ու շեյխուհիների հետ ֆոտոսեսիաներ անելով։
Իհարկե, ոչ. գովազդի աշխարհում, որտեղ իբր Վիգենին սահմանափակել են փորձում, նա իրեն բնավ վատ չի զգում. տարբեր հարթակներում գայթակղիչ դեմքերով գայթակղիչ գովազդների պակաս առանձնապես չի զգացվում, ինչը, բնականաբար, նպաստում է հասարակության քայքայմանն ու «Վիվառոյի Վիգենի» ու նրա ՔՊ-ական տերերի աննախադեպ հարստացմանը:
Այսօրվա Հայաստանում փողը որոշում է ամեն ինչ, ինչը նշանակում է, որ ասենք Պապոյան Գևորի կողմից պարբերաբար բարձրացվող խնդիրը, որի դեմ իբր ՔՊ-ն պայքարում է, երբեք չի լուծվելու. «Վիվառոյի Վիգենի» դեմն այսօր իսկապես խաղ չկա, մարդը մտել է հասարակության տամարն ու փող ա, որ քաշում ա: