1in.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց Արմինե Գ.-ի գործի դատական քննությունը:

Արմինեն մեղադրվում է անչափահաս Ի.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ինչպես նաև փողոցում հայտնված երեք անչափահաս աղջիկների սեռական շահագործման ենթարկելու համար:

Ամբաստանյալի աթոռին նստած 21-ամյա Արմինեն ինքն էլ անչափահասի էր նման: Նա ջանում էր ուշադիր լսել նախագահող դատավորին, մեղադրողին, իր պաշտպանին և դասի նստած աշակերտուհու էր հիշեցնում:

Անչափահաս տուժողներն ու վկաներն այսօր դատարան չէին ներկայացել: Իրենց կենսակերպը հազիվ թե փոխած աղջիկների մի մասի ստույգ բնակության վայրը դեռ հարկավոր կլինի ճշտել, որպեսզի հաջորդ դատական նիստին, ըստ դատարանի որոշման, նրանք բերման ենթարկվեն դատարան ու ցուցմունքներ տան: 

Արմինեին առաջադրված մեղադրանքները հիմնականում, ըստ պաշտպանական կողմի, հիմնված են տուժողների ու վկաների ցուցմունքների վրա: Ինքը՝ Արմինեն, նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա առաջադրված մեղադրանքը չընդունեց ու իրեն մեղավոր չճանաչեց նաև այսօրվա դատական նիստի ժամանակ, երբ նախագահող դատավորը բացատրեց մեղադրանքի էությունը, այն, որ ամբաստանյալը մեղադրվում է ծանր հանցագործությունների կատարման համար: 

Արմինեն հայտնեց, որ ֆիզիկապես առողջ է, միայն «նեռվի հետ խնդիր» ունի:

Նիստի սկզբում մեղադրողը միջնորդեց դատավարությունն անցկացնել դռնփակ կարգով՝ հատկապես հաշվի առնելով, որ տուժողներն անչափահաս են, և գործի քննության ընթացքում կարող են ներկայացվել նրանց անձնական ու սեռական կյանքի մանրամասներ:

Ամբաստանյալի պաշտպան Կիմա Սարյանն ու ամբաստանյալ Արմինեն առարկեցին մեղադրողի միջնորդության դեմ: 

Պաշտպանը նշեց, որ գործի նյութերից կարելի է հետևել, թե անչափահաս տուժողներն առանձնապես չեն նեղվում իրենց զբաղմունքն ու սեռական կյանքը ներկայացնելուց: Ինքը՝ ամբաստանյալը, մեղքը չի ընդունում, թաքցնելու բան չունի և դռնբաց, հրապարակային դատավարության կողմնակից է: 

Պաշտպանը նշեց նաև, որ երբ տուժողները կներկայանան դատարան ու կմիջնորդեն դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ, այն ժամանակ էլ կարելի է անդրադառնալ այս խնդրին:

Նախագահողը մերժեց մեղադրողի միջնորդությունը, նշեց, որ տվյալ փուլում դատավարության հրապարակայնությունը սահմանափակելու հիմնավոր պատճառներ չկան: Հիրավի, երբ կներկայանան անչափահաս տուժողները ու կներկայացնեն համանման հիմնավորված միջնորդություն, դատարանը նորից կանդրադառնա այս հարցին: 

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Արմինեն 2012 թվականի ամռան ընթացքում նպաստել է անչափահաս Ի-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն. նրա համար հաճախորդներ է գտել, նախապատրաստել հանդիպումները, օտարազգի հաճախորդների դեպքում ուղեկցել անչափահաս մարմնավաճառուհուն: Ապահովության համար նրան տրված գումարը Արմինեն պահել է իր մոտ և յուրաքանչյուր 10 հազար դրամից վերցրել է 3-4 հազար դրամը:

Բացի սրանից, ըստ մեղադրանքի, Արմինեն երկու և ավելի երեխաների սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ գտել է ծնողական հսկողությունից դուրս մնացած երեք անչափահաս աղջիկների, «օգտվել նրանց՝ երեխա լինելու հանգամանքից» ու կեղծ խոստումներ է տվել զվարճանքի վայրեր տանելու, նրանց համար շորեր, զվարճանքի առարկաներ, հարդարման պարագաներ գնելու, բարեկեցիկ կյանք ապահովելու վերաբերյալ: Արմինեն, առաջադրված մեղադրանքի համաձայն, շրջել է օպերայի, կասկադի տարածքներում, մոտեցել պարսիկ երիտասարդների, բանակցել ու տասը հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ առաջարկել անչափահաս աղջիկների հետ: 

Նա աղջիկներին տարել է պարսիկների բնակարանները, «ուղղորդել», որ սեռական հարաբերություններ ունենան այլազգի հաճախորդների հետ: 

Արմինեն աղջիկների «վաստակած» 10 հազարական դրամները խաբեությամբ վերցրել է, մի դեպքում էլ բռնություն է գործադրել՝ աղջկան հարվածել է, գետնին գցել ու փողը ձեռքից խլել: Տիրանալով սեռական հարաբերությունների դիմաց անչափահաս աղջիկների ստացած գումարներին՝ Արմինեն, այսպիսով, առաջադրված մեղադրանքի համաձայն, նրանց ենթարկել է սեռական շահագործման:

Արմինեն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 262 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակման ժամանակ ամբաստանյալն ուշադիր լսում ու անհամաձայնության նշաններ էր անում:

Դատարանը որոշեց այս գործը քննել հետևյալ ընթացակարգով. հարցաքննել տուժողներին, վկաներին, ապա՝ մեղքը չընդունող ամբաստանյալին:

Քանի որ վկաների մեծ մասն ու տուժողներն այսօր չէին ներկայացել, դատական նիստը հետաձգվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել