1in.am-ը գրում է.
Եթովպիայի բնակիչ Դհակաբո Էբան հավակնում է երկարակեցության նոր ռեկորդ սահմանել: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, նախկին ագարակատերը, իսկ ներկայում թոշակառուն պնդում է, որ ինքն առնվազն 160 տարեկան է, ինչը նրան դարձնում է երկրագնդի ամենատարեց մարդը:
Տղամարդու խոսքերով` ինքը տեսել է այնպիսի պատմական իրադարձություններ, ինչպիսին է, օրինակ, 1895 թ. Իտալիայի ներխուժումը Եթովպիա: Նա նշել է, որ այդ ժամանակ ամուսնացած է եղել, ունեցել է երկու կին, իսկ որդին բավականաչափ մեծ է եղել՝ կենդանիներին արածեցնելու համար:
Լրագրողների կարծիքով` տղամարդն այնպիսի բաներ է հիշում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ճիշտ է ասում: Նա չի կարող ներկայացնել փաստաթղթային ապացույց, քանի որ մեծացել է բանավոր մշակույթի հասարակության մեջ, որտեղ գոյություն չեն ունեցել անձը հաստատող փաստաթուղթ, ծննդյան վկայական` տարիքն ապացուցելու համար:
Նշենք, որ այժմ երկրագնդի ամենատարեց մարդ համարվում է Ճապոնիայի 115-ամյա բնակչուհի Միսաո Օկավան: