1in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի ավագ քաղաքական փորձագետ, Միջազգային հարաբերությունների գերմանական խորհրդի ավագ փորձագետ (2008-2013 թթ.) Ստեֆան Մայստերը: Վերջինս մասնագիտացած է ռուս-գերմանական համագործակցության, Ռուսաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության, ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների, Հարավային Կովկասում «Արևելյան գործընկերության», Ուկրաինայի քաղաքականության, հետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության հարցերում:
- Պարոն Մայստեր, որպես տարածաշրջանային քաղաքականության մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասում Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի, և Ռուսաստանի դերակատարությունը: Դրանք առանձին-առանձին որքանո՞վ են ուղղված տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանմանը:
- Ես կարծում եմ, որ ներկայումս մենք ունենք բազմաթիվ փոփոխություններ Հարավային Կովկասում: Պետք է Արևմուտքը տարանջատել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև, քանի որ նրանք տարածաշրջանում իրարից տարբերվող քաղաքականություն են վարում: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, այն ցանկանում է հաստատել «Արևելյան գործընկերության» ծրագիրը, առաջարկում է Ասոցացման համաձայնագիր, գործողությունների ծրագիր՝ այդ երկրների համար: Իմ դիտարկումներով՝ այդ քաղաքականությունն ունի իր սահմանափակումները, դա բավարար հաջողակ չէ վերջին տարիներին, ուստի ունեցել է շատ ձախողումներ: Իմ կարծիքով՝ սա առաջին հերթին այն պատճառով է, որ ԵՄ-ի մասնակցությունը տարածաշրջանի հակամարտություններում չկա: ԵՄ-ն ներգրավված չէ տարածաշրջանային հակամարտություններում, կապված չէ տարածաշրջանում ժողովրդավարացման, փոփոխությունների քաղաքականության հետ: ԵՄ-ի քաղաքականության մեծ բացթողումն է դա: ԱՄՆ-ը կենտրոնացած է Վրաստանի վրա, որովհետև տարածաշրջանում ԱՄՆ միակ գործընկերը Վրաստանն է: Քանի որ այսօր իշխանության ղեկին Իվանիշվիլին է, Վրաստանում ևս ԱՄՆ-ը թույլ է, այսինքն՝ ԱՄՆ-ը ևս տարածաշրջանում թույլ խաղացող է, քան օրինակ՝ 5, 8, 9 տարի առաջ: Սա ՌԴ-ի համար հնարավորություն է, որովհետև Ռուսաստանն ընդլայնում է իր ճնշումները հարավկովկասյան երկրների վրա այս պահին և փորձում է այդ երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին ներգրավել իր գլխավոր ինտեգրացիոն գործընթացներում: Փորձում է օգտագործել իր դերակատարությունը՝ որպես անվտանգության խաղացող տարածաշրջանում՝ ճնշումներ գործադրելով այն ուղղությամբ, որտեղ ինքն է հետաքրքրված: ԵՄ-ի՝ որպես պասիվ խաղացողի բացթողումը սա է։ Թվում է՝ հենց այս ամենի հաշվին էլ ՌԴ-ն ընդլայնում է իր շահերը: Հայաստանի օրինակով ամեն ինչ պարզ է դառնում. Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը՝ Ասոցացման համաձայնագրի փոխարեն:
- Եթե ավելի մանրամասն խոսենք, ապա ի՞նչն է պատճառը, որ իրական քաղաքականության մեջ Հարավային Կովկասում ԵՄ-ն պարտվում է ՌԴ-ին:
- Ես կարծում եմ, որ ԵՄ-ն վախենում է շատ ավելի ներգրավված լինել հակամարտությունների մեջ: Այս տարածաշրջանը ԵՄ-ի համար հեռու է թվում, և եվրոպական հասարակության կողմից բավարար աջակցություն չի ստանում, որպեսզի նման հակամարտություններում ներգրավված լինի: ԵՄ-ն ունի բավականին ռեակտիվ քաղաքականություն և արձագանքում է այն բոլոր վատ բաներին, ինչն իսկապես տեղի է ունենում տարածաշրջանում: Այս դեպքում արձագանքում է, բայց վախենում է շատ ներգրավված լինելուց: Պետք է ավելի շատ ռեսուրսներ ներդնի, և ես կարծում եմ, որ բավարար հետաքրքրություն էլ չկա: Իմ որոշ կասկածներով՝ ԵՄ-ն նույնիսկ ուրախ է, որ Ռուսաստանն է զբաղվում այդ գործով, և տալիս է այս խնդիրը ռուսական կողմին: Ուստի մենք էլ ՌԴ-ն ընկալում ենք որպես ղարաբաղյան հակամարտության կարևորագույն խաղացող:
- Պարոն Մայստեր, մենք միշտ լսում ենք, թե ինչպիսի խաղաղության կոչերով են հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահ պետությունների ղեկավարները: Բայց, միաժամանակ, մենք ականատեսն ենք ՌԴ-ի սեպարատ քաղաքականությանը, երբ այդ երկիրը, որն ընկալվում է որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, զենք ու զինամթերք է վաճառում Ադրբեջանին: Ինչի՞ մասին է այս քաղաքականությունը վկայում:
- Ռուսաստանը ցանկանում է քայքայել միջազգային գործընթացը, թուլացնել այն: Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շատ թույլ է, այն չունի այս հակամարտությունը լուծելու որևէ ուժ և միայն երաշխավորում է ստատուս-քվոն, բայց էական որևէ առաջխաղացում չի բերում: Սա ևս Ռուսաստանի համար շատ հարմար է, քանի որ նա վախենում է հակամարտության կարգավորումից, որի դեպքում էլ կկորցնի իր ազդեցությունը: Այնքանով, որքանով ՌԴ-ն երաշխավորում է ՀՀ անվտանգությունը, ունի ազդեցություն տարածաշրջանում, բայց երբ լինի կարգավորում, կլինի ազդեցության նվազում: ՌԴ-ն չունի որևէ հետաքրքրություն հակամարտության լուծման մեջ:
- Փորձագիտական հանրության կողմից պնդումներ կային, որ ստատուս-քվոն շահավետ է Ռուսաստանի համար, բայց երբ ՌԴ-ն արդեն «ստացել է» Հայաստանին, չի՞ փորձի արդյոք թիրախավորել Ադրբեջանին՝ այդպիսով իր համար Ղարաբաղի տեսքով հավելյալ լծակներ ձեռք բերելով:
- Ես չեմ կարծում, թե նման բան կլինի, այսինքն՝ այս պահին նման բան մտածելու համար հիմքեր չկան: Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը նման զիջումներ կանի: Ռուսաստանի կողմից դիրքորոշման փոփոխություն ես չեմ տեսնում:
- Հայաստանն օրերս հայտարարեց ՄՄ-ին միանալու իր ցանկության մասին, որն էլ փաստորեն եվրահանձնակատարն անվանեց ճնշում ԵՄ դաշնակցի նկատմամբ: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի նկատմամբ շանտաժի հիմնական առարկան ո՞րն է եղել:
- Իհարկե՝ անվտանգության երաշխիքները: ՌԴ-ն ասել է, որ եթե ՀՀ-ն ուզում է ունենալ անվտանգության երաշխիք ՀԱՊԿ-ով, ապա պետք է միանա ՄՄ-ին: Սա է եղել Ռուսաստանի իշխանությունների հաղորդագրությունը: Իհարկե՝ կա նաև տնտեսական բաղադրիչ:
- Պարոն Մայստեր, վերջին տարիներին բավական սերտ համագործակցություն է եղել ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև: Ի՞նչ ճակատագիր կունենա այս համագործակցությունը, եթե ՄՄ-ին միանալու Հայաստանի ցանկությունն իրականանա:
- Նախ ես համոզված չեմ, որ Հայաստանն իսկապես կմիանա ՄՄ-ին: Մենք շատ ենք տեսել, որ հետխորհրդային երկրների առաջնորդներն ասել են, թե կանեն այսինչ բանը, բայց հակառակն են արել: Բայց եթե Հայաստանն իսկապես միանա, ապա ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, ինչպես ՆԱՏՕ-Ուկրաինա, ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները։Կան ավելի խորը համագործակցություններ տարածաշրջանում, քան Հայաստանն ունի: Սա առանցքային խնդիր չէ, առանցքայինն այն է, թե ինչպես կզարգանան Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Այս մակարդակում էլ համագործակցություն հնարավոր է, ես այդպես եմ կարծում: Ռուսաստանն այս դեպքում էլ ճնշումներ կգործադրի, բայց կենտրոնանալով ԵՄ-ին ինտեգրման վրա:
- Հայաստանի եվրոպական հեռանկարը փակվա՞ծ է:
- Ես կարծում եմ, որ դեռևս ոչինչ որոշված չէ, բայց նաև կարծում եմ, որ ՀՀ իշխանությունների ջանքերը եվրաինտեգրացիայի հարցում այնքան չեն եղել, որքան այլ երկրներինը: Նրանք միշտ զգուշացել են Ռուսաստանի արձագանքներից: Եթե իսկապես միանան, բոլոր բանակցությունները կդադարեցվեն, և իրավիճակը կարգելափակվի։