2023թ. նոյեմբերի 15-ին կայանալիք նիստում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն կտա «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ վաճառքի գործարքին:
Համապատասխան որոշման նախագիծը հրապարակված է հանձնաժողովի կայքում:
Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ն ս.թ. նոյեմբերի 3-ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
Որոշման նախագծում նշվում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն:
Itel.am-ը նշում է, որ 2023 թվականի ապրիլին ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:
Գործարքի դեմ էր հանդես եկել նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ապրիլին հրապարակված որոշման մեջ, մասնավորապես, ասվում էր, որ բացասական եզրակացություն է տվել Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։