Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է զեղչերի և այլ ակցիաների կարգավորումները՝ «սև ուրբաթին» ընդառաջ բիզնեսին ևս մեկ անգամ իրազեկելու նպատակով:

Անդրադառնալով անցյալ տարի իրականացված օրենսդրական փոփոխություններին՝ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ այժմ ոլորտն էականորեն բարելավվել է, և զեղչի իրազեկման նվազագույն պահանջները տնտեսավարողների կողմից հիմնականում պահպանվում են: 

Նա հավելել է, որ Հանձնաժողովը լայնածավալ մշտադիտարկման  աշխատանքներ է իրականացրել տարբեր ոլորտներում՝ կենցաղային տեխնիկա, հագուստ, շինանյութ և այլն, ավելի քան 80 ակցիաներ են դիտարկվել, որի արդյունքներով շուրջ 40 տնտեսավարողների նկատմամբ վարույթներ են հարուցվել: Նրանց մեծ մասն ընդունել է իրավախախտման փաստը՝ հիմնականում դա պայմանավորելով նոր կարգավորումների մասին իրազեկման պակասով:

Հարուցված վարույթների արդյունքում  Հանձնաժողովը իրավախախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ շուրջ 100 մլն դրամի չափով տուգանք է կիրառել: Մարկոսյանը տեղեկացրեց, որ գալիք Սև ուրբաթի շրջանակում ևս մշտադիտարկումներ են իրականացվելու՝ հույս հայտնելով, որ տնտեսավարողները բարեխիղճ վարքագիծ կդրսևորեն` բացառելով օրենքի խախտումները:

Հիշեցնենք, որ ակցիային առնչվող կարգավորումների խախտումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի պարագայում տնտեսավարողը կարող է տուգանվել հասույթի մինչև 5 տոկոսի չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել