Ի՞նչ անի ընդդիմությունը, երբ երկրում իշխանությունն ավտորիտար է, ընտրությունները կեղծվում են:
Այս հարցին հստակ պատասխան չկա՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ՝ հետխորհրդային ոչ դեմոկրատական երկրներում:
Օրինակ, ընդդիմությունը, բացառությամբ «Ժառանգության», փաստեց, որ Սյունիքում կատարյալ ֆեոդալիզմ է եւ որոշեց չմասնակցել թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:
Ընդդիմության գնահատականը ճիշտ է, հետեւությունները՝ թերեւս սխալ, որովհետեւ բոյկոտը ավելի տարողունակ գործընթաց է, քան՝ հերթապահ մի հայտարարությունը:
Եթե բոյկոտում ես, պետք է գործողությունների այլընտրանք առաջարկես:
Նման բան, սովորաբար, ընդդիմությունը չի անում, հետեւաբար՝ նրա չմասնակցությունը օգուտ է իշխանությանը:
Բայց ընտրություններին մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ալեքսեյ Նավալնին մյուս ընդդիմադիրների կողմից մեղադրվում են, թե իբր լեգիտիմացնում են ընտրությունները:
Պարզունակ դիտարկում է, որովհետեւ ո՛չ Րաֆֆին եւ ո՛չ էլ Նավալնին, ընտրություններից հետո, չեն շտապել շնորհավորել իրենց մրցակցին, ավելին՝ ընտրություններն օրինական չեն ճանաչել:
Մի խոսքով, կողմ եմ մասնակցային ձեւաչափին, իհարկե՝ կարեւոր մի վերապահումով:
Ես, օրինակ, չէի կրկնի Րաֆֆու սխալը եւ հետընտրական փուլում չէի փոշիացնի այն ռեսուրսը, կապիտալը, որ ստացել եմ քվեարկության օրը: Դրա համար քաղաքականությունը պետք է տարանջատել միֆականությունից:
Նավալնին էլ, անշուշտ, մեծ հաջողության է հասել Մոսկվայի ընտրություններում, սակայն պետք չէ դրանից գլուխը կորցնել եւ տառապել բոնապարտիզմով:



