1in.am-ը գրում է.
Այսօր վաղ առավոտյան Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչի շրջանում Սոչի-Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի ունեցած ավտովթարի տուժածները և զոհերի մարմինները տեղափոխվում են Հայաստան: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գուլկեևիչ քաղաքի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Գուշև Վադիմ Անատոլևիչը, ում վերահսկողության ներքո էլ գտնվում էին վիրավորները վերջին մի քանի ժամերի ընթացքում:
Նա տեղեկացրեց, որ միկրոավտոբուսի հինգ ուղևորները մահացել էին վթարի հետևանքով, իսկ մնացած 12 ուղևորները միջին ծանրության վնասվածքներ էին ստացել: Բժշկի խոսքով՝ նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:
Վադիմ Անատոլևիչն ասաց, որ հիվանդանոցում մնացած վիրավորների հարազատները ժամանում են հիվանդանոց՝ իրենց վիրավոր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու նպատակով:
«Այսօր 7-ն արդեն տեղափոխվում են Երևան, իսկ մնացած չորսը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն վաղը: Ճանապարհին խնդիրներ չեն առաջանա, քանի որ թույլատրվում է նրանց այդ վիճակով տեղափոխել, շատ ծանր չեն»,- նշեց նա:
Վերջինս ասաց, որ բարդ իրավիճակ է ստեղծվել, քանի որ զոհերի հարազատները ևս պետք է հիվանդանոցից իրենց հարազատների մարմինները տեղափոխեն Հայաստան. այդ գործընթացը ևս կազմակերպվում է:
Նշենք նաև, որ «Առաջինը լրատվական»-ը փորձեց վթարի մանրամասներն իմանալ նաև Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ղեկավարներից և կազմակերպությունների ներկայացուցիչներից, որոնք ավտովթարի մասին տեղեկացան հենց «Առաջին լրատվական»-ից:
Հիշեցնենք, որ Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչի շրջանում Սոչի-Երևան միկրոավտոբուսը Սոչի-Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին: Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին: Վթարի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Միկրոավտոբուսում եղել է 15 ուղևոր:
Հայտնի են Հայաստանի զոհված 5 քաղաքացիներից 4-ի անունները: Վիրավորներից մեկը ութամյա երեխա է: Նրանք են՝
Մարիամ Սահակյան, ծնված 1985թ.
Լուսինա Խաչատրյան
Պիրիկ Պարնեցյան, ծնված 2005թ.
Արմեն Բաբայան, ծնված 1971թ.
Վիրավորներ՝
Ալլա Բերմիցյան, ծնված 1985թ., վիճակը՝ միջին ծանրության
Անուշ Վեյտուրյան, ծնված 2009թ., վիճակը՝ միջին ծանրության
Նաիրա Սահակյան, ծնված 1986թ., վիճակը՝ միջին ծանրության
Գայանե Ավանեսյան, 1990թ., վիճակը՝ միջին ծանրության
Արմենակ Բաբայան, 1961թ., վիճակը՝ միջին ծանրության
Ֆեդա Բաբայան, 2007թ., վիճակը՝ միջին ծանրության
Անի Մարկոսյան, 1995թ., վիճակը՝ միջին ծանրության
Ռուզաննա Հարությունյան, 1972թ.
Գագուշ Բաղդասարյան, 1987թ.
Ալիկ Մելոյան, 1991թ.
Վաչագան Սահակյան, 1959թ.
Արմեն Նորայրի Գրիգորյան (վարորդ), 1978թ.