Երեկ՝ Մոսկվա կինոթատրոնում կայացել է «ՌՈԶԱԼԻՆ» ֆիլմի պրեմիերան:
«Ռոզալի» ֆիլմը պատմում է հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում ստեղծված կին-ռոբոտի մասին: Ռոզալին աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես:
Բայց մարդկային զգաղմունքներ՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ ձեռք բերելու համար ռոբոտն ու ֆիլմի հերոսը՝ Առաքելը, պետք է յուրահտուկ փորձարկման փուլ անցնեն:

Մինչև պրեմիերան կայացել է կապույտ գորգի արարողությունը, որի բացումն արել են գլխավոր հերոսներին մարմնավորող Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը և Նաստասյա Գոլովկոն: Կապույտ գորգին նաև ներկա էին մի շարք հայ հայտնիներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ և ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Տարոն Իսպիրյանն ու Նաստասյա Գոլովկոն:

Խոսելով դերասանական անձնակազմի մասին պրոդյուսեր Արման Միտոյանը նշեց, որ փողոցում քայլելիս երեխաները թույլ չեն տալիս Տարոն Իսպիրյանին «հանգիստ» քայլել, իսկ Նաստասյա Գոլովկոն դեռևս չբացահայտված դերասանուհի է: «Մենք վստահ էինք, որ այս հումորային ժանրում Պոնչը կկարողանա իրեն դրսևորել, քանի որ Պոնչը, թե՛ շնորհալի երիտասարդ է, թե՛ սիրված դերասան: Պոնչը մարմնավորում է երիտասարդի, որը մարդկային կերպարանափոխությունն ավելի ակնառու է, քան ռոբոտի կերպարանափախությունը մարդուն: Նաստասյայի դեպքում մեզ պետք էր դերասանուհին, որին կկարողանայինք կերպարանափոխել և հանդիսատեսը տեսնելու է, թե ինչքան տարբեր կերպարներում է ներկայանալու նա»,- նշեց պրոդյուսերը:

Իսկ Տարոն Իսպիրյանը մեզ հետ զրույցում ասաց.«Սա ժամանցային ֆիլմ է, որի 1 ժամ 35 րոպեն, կարծում եմ, անցնում է մեկ շնչով: Թեթեւ, սիրուն, հուզիչ եւ զարմացնող ֆիլմ է: Նաստասյայի հետ առաջին անգամ ենք աշխատում, եւ ես, պարզապես, հիացած եմ իմ գործընկերուհու պրոֆեսիոնալիզմով: Հրաշալի դերասանուհի է, որը պահում էր նկարահանման ամբողջ շունչը»:

Ֆիլմի գործադիր ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի խոսքով՝ արհեստական բանականությանն անդրադառնալը  ոչ մի կոնկրետ նպատակ չհետապնդող միտք էր. պարզապես, փորձել են մտածել մի բան, որը կգրավի հանրության ուշադրությունը: «Կարծում ենք՝ սա այն միտքն է, որը ժամանակակից է, արդիական է եւ հետաքրքիր երիտասարդ սերնդի համար: Ֆիլմում կա կարեւոև մեսիջ՝ դարձեք մարդ: Ֆիլմի ընթացքում մեր հերոսուհին, որը ռոբոտ է, ձեռք է բերում մարդկային հատկանիշներ»,-ասում է նա: Անդրադառնալով գլխավոր դերակատարների ընտրությանը՝ Բաբախանյանը հավելում է,-«Հերոսուհու դերում ընտրել եմ Նաստյային, քանի որ հասկացել եմ, որ նրա կերպարով ավելի հեշտ կլինի ստանալ ռոբոտ աղջկան: Նա եւ հայտնի է, եւ հայտնի չէ, մեր հանրության շրջանում արտաքնապես անսովոր է: Իսկ Տարոնը բոլորիս սիրելի հումորային կերպարներից է, որն այս դերով բացահայտում կլինի շատերի համար»:

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել