168.am-ը գրում է․
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը։
Իսկ դա, նրա խոսքով` հնարավոր կլինի նաև այն դեպքում, երբ իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիա` Ալմա Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա։
«Պատահական չէ, որ հենց այս ուղենիշներն են իրենց արտացոլումը գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։ Հայաստանն ակնկալում է այդ հայտարարության աջակցությունը միջազգային այլ գործընկերների կողմից»,- ասաց Միրզոյանը։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է հենց այդ տարածաշրջանի բոլոր երկրների գործուն քայլեր և հրաժարում առավելապաշտական նկրտումներից։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր։ Վստահություն են հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանմանն ուղղված և այդ տրամաբանության վրա կառուցված փոխգործակցությունն իր դրական արդյունքը կունենա։
«Այս համատեքստում քննարկել ենք տարածաշրջանային տարբեր ծրագրերին Հայաստանի ներգրավվածությունը, մասնավորապես`0 վկայակոչել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունը։ Այնտեղ նշվեց, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Քննարկել ենք նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող այլ թեմաներ, կարևորել ենք և երախտագիտություն հայտնել Հունգարիային Հայաստանում ԵՄ առաքելությանը մասնակցության համար»,- ասաց Միրզոյանը։
Դիմելով Սիյարտոյին` Միրզոյանը վստահություն հայտնեց, որ որպես ԵՄ անդամ երկիր` Հունգարիան քաջատեղյակ է բոլոր զարգացումներին։ Միրզոյանն ընդգծեց` Հարավային Կովկասում երկարատև և հայ ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման այլատյաց քաղաքականության բացառում։



