Aysor.am-ը գրում է.
Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար նոր առաջարկներ իր հետ չի բերել, բայց գտնում է, որ անհրաժեշտ է կարևորել ժողովուրդների միջև վստահություն և անվտանգություն ձևավորելու միջոցների գործադրումը։
«Եթե ուզում ենք հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, բոլոր կողմերից պետք է լինեն զիջումներ: Կարծում եմ՝ մենք կարող ենք նորովի ջանքեր ձեռնարկել երկրորդ ուղու բոլոր հնարավոր նախաձեռնությունների մասով: Նման խնդրի լուծումը հեշտ չէ, ինչպես տեսել ենք բանակցային երկար տարիների ընթացքում։ Դա չի կարող տեղի ունենալ առանց առաջնորդների կողմից քաղաքական կամքի, փոխզիջումների և ժողովուրդների մեջ փոխվստահություն ձևավորելու ընկալման»,- ասաց նա։