Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Խելացի քաղաքացի» պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն, MAIB նախագահի առաջին տեղակալ Ալյոնա Սթրաթանը, IDEMIA Քաղաքացիական ինքնության շուկայի գծով գլոբալ բիզնեսի զարգացման փոխնախագահ Իզաբել Փոլարդը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն, Հովիկ Մուսայելյանը: Քննարկման մոդերատորը եղել է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Բանախոսներն անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են էլեկտրոնային կառավարումը, թվային քաղաքացիությունը և սոցիալական մեդիան, խոսել այն մասին, թե ինչպես կարելի է դրանք օգտագործել ավելի խելացի և կապակցված համայնքներ ստեղծելու համար, ներկայացրել իրենց տեսակետներն այն մասին, թե ինչպես է տեխնոլոգիան փոխակերպում քաղաքացիների փոխազդեցությունը միմյանց, կառավարության և շրջապատող աշխարհի հետ:

Վերոնշյալ թեմաների շուրջ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ խելացի քաղաքացի եղել է և՛ նախնադարում, և՛ միջնադարում, պարզապես այն գործիքները, որոնք այժմյան քաղաքացին օգտագործում է առաջընթաց ունենալու համար, թվային են: Արայիկ Հարությունյանի խոսքով, խելացի քաղաքացի ունենալու գաղտնիքը կրթական համակարգում է, որն ինչպես հիմա, այնպես էլ նախկինում փորձում է ադապտացվել և նոր թրենդներ և առաջնահերթություններ թելադրել:

Խոսելով կրթական համակարգը նոր իրավիճակներին ադապտացնելու մասին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ քաղաքացուն ոչ թե պետք է ինֆորմացիայով ծանրաբեռնել, այլ ցույց տալ, թե ինֆորմացիայի բազմաթիվ աղբյուրներից որն է ճիշտ օգտագործել:

Հանրակրթության ոլորտում նոր չափորոշիչների ներդրման մասին խոսելով՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ այդ չափորոշիչների հիմքում «Կրթություն, պաշտպանություն, հարգանք» երեք հիմնասյուները կայացնելու նպատակ է հետապնդվում, որովհետև, ըստ նրա, առանց դրանց նոր ժամանակներում հասարակության և խելացի քաղաքացու համար անհարմարավետ է լինելու:

Թեմայի շրջանակում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է նաև ներկաների հարցերին:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել