Այս շենքը Ստալինգրադի ճակատամարտից հետո որպես հուշակոթող պահպանվում է մինչ օրս։ Այն կոչվում է «Պավլովի տուն»։ 58 օր շարունակ գերմանացիները ինչով ասես, որ չգրոհեցին այս շենքի վրա, բայց 31 հոգանոց խորհրդային զինվորների խումբը՝ սերժանտ Պավլովի գլխավորությամբ, մինչև վերջ պահեցին շենքն ու հաղթեցին։
Մի ողջ Ստեփանակերտը հանձնեցին 3 օրում, բանավոր որոշմամբ, առանց մի կրակոցի։ Այսպիսին է ներկայիս աշխարհը։ Եվ այն ասացվածքն էլ, որն ասում է՝ «Երբ դիվանագիտությունը լռում է, հնչում են թնդանոթները» մեր պարագայում վաղուց հակառակն է դարձել. սկզբում կրակում են, հետո պայմանավորվում։ Ու արդյունքում կորսվում են մարդկային կյանքեր, խեղվում են ճակատագրեր։
Ինչի՞ են գումար հավաքում, սահմանին 5-րդ գծում ամրաշինական աշխատանքներ անում, եթե Ստեփանակերտը հանձնվում է առանց կրակոցի։
Դեռ ինչքա՞ն անձնազոհության, խիզախության մասին պատմություններ ձեզ պիտի պատմեն, որ հագենա ձեր ծարավը։ Խիզախության պակաս մեր տղերքը երբեք չեն ունեցել, յուրաքանչյուրի սխրանքի մասին մի ֆիլմ կարելի է նկարել, բայց վերջին հաշվով այսօր այդ խիզախությունը 0 դարձավ։
Էտ տղերքի անձնազոհությունը ի չիք չդարձնելու լավագույն տարբերակը ոչ թե նոր զենքեր առնելն ու կռվել սովորելն է, այլ ուժեղ դիվանագիտություն ու տնտեսություն կառուցելն է։ Մեր պես երկրների համար (էն էլ նիկոլի պես ղեկավարով երկրի) անցել է զենքով հարց լուծելու փուլը։ Դա մինչև 94 թիվն էր։ Հիմա քո փոխարեն որոշում են, ու ուզում ես սերժանտ Պավլովի պես 58 օր մի շենք պահի, մեկ է, 59-րդ օրը կգան, կասեն՝ դուրս արի, այդ շենքը հանձնել ենք ստորագրությամբ։
Պիտի հզորանաս, պիտի քեզ ճանաչեն, հետո նոր կարաս մտածես զենքով հարց լուծելու մասին։ Քանի քո զենքի փամփուշտն անգամ քո երկրում չի արտադրվում, դու երբեք զենքով հարց չես լուծի։ Անգամ, եթե քո մեկ զինվորը թշնամու 100 զինվոր տանի իր հետ, մեկ է, վերջում դու չես կարողանալու արժանին մատուցել այդ զինվորի սխրանքին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0WGFfSca5Jr2Ye4Z5SGBVZsaHoxh3XkUM8s37UQDvHJeHJLY4LH55HhW66zgKuRXxl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել