Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ:

Ողջունելով դեսպանին նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում նրա կատարած աշխատանքի և հայ-արգենտինական հարաբերությունների ամրապնդման համար:

«Ես չեմ կասկածում, որ հայ-արգենտիանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և 1992թվականից ի վեր դրանք շարունակական վերելք են ունեցել: Անցած երեք տարիների ընթացքում մենք զգացել ենք Ձեր անձնական սրտացավությունը այս դժվարին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Իմացած եղեք, որ այս իրավիճակում մեր բարեկամների ու գործընկների աջակցությամբ ենք կարողանում որոշումներ ընդունել երկրի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար»,- նշել է նախագահը:

Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Գրեթե երեք տարի Հայաստանում աշխատելուց հետո ես վերադառնում եմ Արգենտինա այստեղ թողնելով շատ ընկերների և վստահեցնում եմ, որ Դուք էլ ի դեմս ինձ, ունեք նոր ընկերոջ Արգենտինայում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, այս կապակցությամբ դեսպան Վերգարան տեղեկացրել է, որ Արգենտինան առաջիկայում պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան բռնի տեղահանվածներին աջակցության նպատակով:

Մտքեր են փոխանակվել նաև ընդհանուր տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ, այս համատեքստում դեսպան Մարիանո Վերգարան ընդգծել է, որ Արգենտինան լիարժեքորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել