Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևմտյան և Ֆրանսիայի Հայոց թեմերի ուխտավորներին` ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։
Հոգեշնորհ Հայր Սուրբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց ուխտավորներին և ընդգծեց, որ հայրենիք են ժամանել նաև իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս ծանր օրերին։
Իր սերն ու օրհնությունը փոխանցելով հայորդիներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից հայորդիների ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունները, հատկապես Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց հաղորդ դառնալու Հայրենիքում առկա մարտահրավերներին և բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին։
Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ հայրենազրկված արցախցիների առջև ծառացած դժվարություններին՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին ևս իր գործուն աջակցությունն է ցուցաբերում դրանց հաղթահարման գործում։
Իր խոսքում Նորին Սրբությունը ուխտավորներին հորդորեց իրենց երկրներում բարձրաձայնել Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրը, և հետևողական ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց ուխտավոր հայորդիներին Հայրենիքի և Հայ Եկեղեցու նկատմամբ դրսևորվող նվիրումի և անսակարկ սիրո համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/pfbid02gA39Sd1hJ535PGZjQatQN7NJp2arUPQ7Tg5yLo32FjrbGMshPrDXPuTnhzM4r4scl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել